f

Անկախ

Այս համակարգը աշխարհի շատ երկրներում է կիրառվել և ձախողվել․կրթության փորձագետը՝ առաջարկվող փոփոխության մասին


Հանրային քննարկման  ներկայացված  հանրակրթության պետական չափորոշիչը կրթական համայնքում բուռն քննարկումների տեղիք  է տվել։ Առաջարկվող բարեփոխումների ուժեղ և թույլ կողմերի  մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։  

-Պարոն Խաչատրյան, չունենալով կրթության ռազմավարություն` հերթական կրթական բարեփոխումն ենք նախաձեռնում։ Որքանո՞վ է նման մոտեցումը տրամաբանված։

- Իհարկե, տրամաբանված չէ, մանավանդ հեղափոխությունից հետո։ Մենք ոչ միայն չունենք ռազմավարություն, մենք նույնիսկ չենք  գնահատել նախորդ ժամանակաշրջանում տեղի ունեցածը։ Նախորդ իշխանությունները մոտ 20 տարի ղեկավարել են երկիրը։ Հիմա  տեղի է ունեցել հեղափոխություն։ Ո՞րը պետք է լիներ առաջին քայլը։ Վերլուծել՝ նախորդ 20 տարիներին ինչ խնդիրներ ենք ունեցել և դրանց արդյունքում Հայաստանը հիմա ինչ մարտահրավերների առաջ է կանգնած։

Ռազմավարությունն այդ գնահատման վրա պետք է մշակվի, ոչ թե իջնի երկնքից։ Իրավիճակային գնահատում պետք է անես, որ հասկանաս, թե ինչ խնդիրներ ունի քո երկիրը, քո բառը հատուկ եմ շեշտում, որովհետև մենք ինչ անում ենք, մեր երկրի համար պետք է անենք։ Հիմա մենք այս երկու քայլերը չենք արել, միանգամից երրորդ քայլն ենք անում։

Նույնը և բարձրագույն կրթության ոլորտում ենք արել, այնտեղ էլ չկա ռազմավարություն, բայց մշակվել է  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որտեղ որոշված է, որ այդ երկու ոլորտները մեկ օրենքով պետք է կարգավորվեն։ Ինչի՞ հիման վրա։ Ես չեմ ասում՝ սխալ որոշում է, ես հարցնում եմ, թե որն է հիմնավորումը։

Հիմա նույնը սա է։ Մենք ինչպե՞ս եկանք հանգեցինք այս չափորոշչին։ Կարծում եմ, որ հերթականությունը խախտել ենք։ Եթե հիմա ռազմավարություն գրենք, պետք է փորձենք ռազմավարությունը հարմարեցնել մեր չափորոշչին։

- Այնուամենայնիվ,  բավականին ծավալուն փաստաթուղթ է մշակվել։ Որպես փորձագետ   փաստաթղթում ի՞նչ ուժեղ և թույլ կողմեր կառանձնացնեք։

- Ուժեղ կողմն այն է, որ անցում է կատարվում  կոմպետենցիաների վրա հիմնվող մոտեցման։ Իհարկե, ես սա պայմանական եմ համարում ուժեղ կողմ, որովհետև դա դեռ ոչինչ չի երաշխավորում։ Ես նույնիսկ վստահ էլ չեմ, որ այս պահին մեր համակարգը լիարժեք հասկանում է, թե ինչու է պետք այդ անցումը։

Իսկ այդ համակարգին անցնել պետք է, որովհետև  կոմպետենցիաների վրա հիմնվող կրթությունը երկու ուժեղ կողմ ունի, առաջինը՝ այն փորձում է  ավելի համակողմանի կրթական համակարգ ստեղծել, որտեղ ոչ միայն կլինեն գիտելիքներ և հմտություններ, այլ նաև արժեքներ, դիրքորոշումներ և այլ նման բաներ։ Երկրորդ առավելությունն այն է, որ կոմպետենցիոն  կրթությունը կարևորում է ոչ միայն այն, ինչ գիտես, այլ նաև այն, թե  իմացածդ ինչպես ես կիրառում։ Կոմպետենտ բառը բիզնեսից է եկել,  նշանակում է մարդ, որն իր գործի վարպետն է։ Հիմա կրթական համակարգը փորձ է արվում տանել դեպի վարպետացում։ Բայց նորից եմ ասում, մենք պետք է  հիմնավորենք, թե ինչու է մեզ պետք այս համակարգը։

Իսկ թույլ կողմն այս պահին այն է, որ  կոմպետենցիաները և վերջնարդյունքներն իրար չեն բռնում։ Այդ 8 կոմպետենցիաները և վերջնարդյունքները դեռևս պետք է  համահունչ դառնան։  Օրինակ՝ մենք ունենք սովորել սովորելու կարողունակություն։ Ո՞ր վերջնարդյունքներն են բերելու այս կոմպետենցիայի  ապահովմանը կրտսեր դպրոցում, միջին դպրոցում և ավագ դպրոցում։ Սա պետք է հստակ տեսնենք։

Չափորոշիչ գրելու  թիվ մեկ սկզբունքն այն է, որ փաստաթուղթը պետք է գրվի շատ հետևողական ձևով, այսինքն՝ մի բանից պետք է  տրամաբանորեն բխի մյուս բանը, դրանից այն մյուսը։ Եթե դրանց միջև կան անհամարժեքություններ, այդ փաստաթուղթը չի կարող սահուն ձևով իրագործվել։

Մյուս խնդիրն այն է, որ պետք է նշենք, թե ինչ է նշանակում կոմպետենցիաների վրա հիմնվող ուսուցում։ Երբ չափորոշիչ ես գրում, այն, ըստ մանկավարժական տեսության, ունենում է երեք բաղկացուցիչ։ Առաջինը՝ վերջնարդյունք, այսինքն՝ ուր ես ուզում հասնել, երկրորդ՝ ինչպես ես դա գնահատելու և երրորդ՝  ինչ մանկավարժական մտեցումներով ես դրան հասնելու։ Այս փաստաթղթում վերջնարդյունքների և գնահատման մասը կա, բայց երրորդ մասը, թե ինչպես պետք է դա արվի, չկա, միայն նշված է առարկայացանկ։ Մինչդեռ պետք է, որ թեկուզ մի էջանոց նկարագրություն լինի։

Ինչո՞ւ է սա  կարևոր։ Որպեսզի  ես, որպես ուսուցիչ, հասկանամ, թե ինչ է  կոմպետենցիոն  կրթության մանկավարժությունը,  ինչն եմ ես հիմա այլ կերպ անում, որը փոխելուց հետո կարող եմ անցնել այս նոր համակարգին։

- Պարոն Խաչատրյան, պաշտոնապես հայտարարվել է, որ  փաստաթուղթը սահմանում է  կարողունակություններ, իսկ ապահովման ձևը թողնվում է դպրոցին։ Որքանո՞վ են  դպրոցները պատրաստ նման պատասխանատվության։

- Այստեղ գալիս է հաջորդ ծուղակը։ Եթե դպրոցները չապահովեն, կարո՞ղ է  նրանց քավության նոխազ դարձնենք և ասենք՝ այս բարեփոխումը ձախողվեց, քանի որ դպրոցները չկարողացան ապահովել։ Դա արդեն չեղավ պետական մոտեցում։ Երբ ինչ-որ բան ես փոխում, պետք է ապահովես դրա իրականացումը։ Չես կարող  մարդկանց ասել՝ ինչ ուզում եք արեք, բայց իմացեք, որ վերջում դուք եք պատասխան տալու։

- Նշվում է, որ չափորոշչով դպրոցներին մեծ անկախություն և ճկունություն է տրվում։ Ի՞նչ է դա նշանակում։

- Այս դեպքում հասկանում են, որ դպրոցներն իրավունք ունեն ազատ ընտրություն կատարելու առարկաների միջև, որովհետև դրվում են նվազագույն և առավելագույն  շեմեր։ Այսինքն՝ դպրոցները կարող են իրենք որոշել, թե քանի  ժամ են տալիս յուրաքանչյուր  առարկային։ Օրինակ՝ նախարարությունն ասում է՝ կարող եք առարկաների տվյալ խմբին տալ ժամերի 15-20 տոկոսը, հիմա դպրոցը  15  տոկոսը կհատկացնի,  16 թե 20,  կորոշի դպրոցը։

Նաև աշակերտն է ընտրելու հնարավորություն ստանում։

- Աշակերտների ընտրության առումով։ Ժամանակին ավագ դպրոցն էլ աշակերտին ընտրության մեծ հնարավորություն էր խոստանում, որը սուղ ֆինանսավորման պատճառով հաճախ հնարավոր չէ։ Արդյոք վտանգ կա՞, որ այս պարագայում էլ հոսքային ձախողված ուսուցման կրկնությունուն կունենանք, եթե բավարար ֆինանսական միջոցներ չհատկացվեն։

- Հոսքայինի առանձնահատկությունն այն է, որ թեև չի արգելվում, բայց նման ուսուցում կարող են կազմակերպել միայն առանձնացված ավագ դպրոցները։ Սովորական միջնակարգ դպրոցը չի ստանում այնքան ֆինանս, որ հոսքային ուսուցում իրականացնի։ Հիմա նախարարությունն ասում է, որ ֆինանսավորումն ավելանալու է, որպեսզի բոլոր դպրոցներում, լինի Երևանի կենտրոնի ավագ դպրոց թե հեռավոր գյուղի ավագ դասարան, աշակերտները հնարավորություն ունենան ինքնուրույն ընտրելու։  Սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամը, չգիտեմ, թե որքանով այդ ֆինանսավորումը կլինի։ Այստեղ բազմաթիվ հարցեր կան։

Ասում ենք՝ ուսուցչին ազատություն ենք տալիս։ Ազատությունն իր հետ բերում է պատասխանատվության աճ, իսկ դա ենթադրում է նաև բարձր աշխատավարձ։ Չափորոշիչն ուսուցչին հնարավորություն է տալիս ծրագիր գրել և դասավանդել։ Բայց եթե  ուսուցիչը պետք է ստանա ցածր աշխատավարձ,  22 ժամ դաս պարապի  և բովանդակություն ստեղծի, դա կլինի բավական ծանր աշխատանք։

- Իսկ առաջարկվող կամավոր  ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացումը այս խնդիրը որքանո՞վ կարող է լուծել։

- Կամավոր ատեստացիան հարցի լուծում չէ, այն բազմաթիվ այլ հարցեր է ստեղծելու, այդ թվում և անհավասարություն։  Շատ դժվար է ապացուցել, թե ինչ է նշանակում լավագույն ուսուցիչ։ Ո՞նց ենք  չափում։  Եթե նույնիսկ շատ արդար անցնի այս պրոցեսը,  ոչ մի երաշխիք չկա, որ ընտրվել են լավագույնները, և որ այդ լավագույնները կապահովեն  ֆանտաստիկ լավ արդյունք։

Ի վերջո, ինչի՞ համար ես բարձր վճարում ուսուցիչների մի մասին։ Եթե վճարում ես, որ այդ մի մասը լավ ապրի, սխալ է։ Իսկ եթե նպատակն աշակերտի առաջադիմությունը լավացնելն է, եթե օրինակ՝ 20 տոկոսին բարձր ես վճարում, 80 տոկոսին ցածր, չէ՞ որ աշակերտը նաև այն ցածր վճարվող ուսուցչի մոտ է սովորում։

- Ստացվում է, որ այս տրամաբանությամբ աշակերտը  մի առարկան լավ կիմանա, 4-ը՝ վատ։

- Դա լավագույն դեպքում։ Այսինքն մի առարկայի ուսուցիչը մոտիվացված կլինի, մյուս չորս առարկաների ուսուցիչները ոչ մի մոտիվացիա չեն ունենա։ Ենթադրենք՝   դեմոտիվացված ուսուցիչները  մաթեմատիկայի և հայոց լեզվի ուսուցիչներ են, իսկ այդ բարձր աշխատավարձ ստացողն  անգլերենի ուսուցիչը։ Եթե երեխան ուզում է դառնալ մաթեմատիկոս, ի՞նչ է ստանում այս ամենի արդյունքում։

 Ընդ որում, այս համակարգը աշխարհի շատ երկրներում կիրառվել է և ձախողվել։ Պետությունը հասկացել է, որ ուսուցիչների մի մասին բարձր աշխատավարձ տալը շատ թանկ է նստում իր վրա, բայց այդ ծախսված գումարը համարժեք չէ ստացված արդյունքին։ Որովհետև դպրոցը համակարգ է, միայն մի քանի  ուսուցչով չի որոշվում։

- Պարո՛ն Խաչատրյան, Ձեր կարծիքով ի՞նչ է պետք, որ այս բարեփոխումը նախորդների պես չմնա թղթի վրա, այլ իրագործվի։

- Երեք բան է պետք։ Առաջինը՝ համապատասխան ֆինանսավորում։ Հենց սա չեղավ, ասելու են՝ հարգելի ուսուցիչներ, մենք ձեզ վերապատրաստել ենք, եթե  չի ստացվում, ուրեմն դուք եք մեղավոր։

Երկրորդը՝ պետք է երկրի կրթական մթնոլորտի  փոփոխություն։ Այսօր Հայաստանում կրթությունն արժեզրկված է։ Մի երկրում, որտեղ կրթությունն արժեզրկված է,  չես կարող շատ բանի հասնել։

Եվ երրորդը՝ պետք է իրագործում։ Այնպես չէ, որ նախկին բարեփոխումների ժամանակ չի եղել վերապատրաստման մոդուլ  կամ գնահատման կարգ, այդ ամեն ինչն այսօր էլ կա թղթի վրա։ Կարևոր է, թե ոնց ես իրականացնում։ Իմ կարծիքով՝ կրթական համակարգում այսօր բավականին հիասթափված վիճակ է։ Հիմա կարողանալո՞ւ ենք մարդկանց այդ վիճակից դուրս բերել։ Եթե ոչ,  ինչքան էլ սիրուն բան գրվի, դա  մարդուն չի ոգևորի։

 

 

Սերոբ Խաչատրյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ռոնալդուն բացառիկ ռեկորդ է սահմանել
Այս իշխանությունն ամեն օր կործանում է հայրենիքն ու մարդկային ճակատագրեր․ մեր երկիրը շանս չունի, եթե օր առաջ չազատվի այս աղետալի համավարակից․ Արման Սաղաթելյան
Մեզ 7 ամիս է աշխատավարձ չեն վճարում ու չեն ապահովում գործարանի անվտանգության խնդիրը. նաիրիտցիները բողոքի ակցիա արեցին Կառավարության մոտ
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ
Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան
Աշխատաժողովի օրակարգում ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն էր
Եթե հանձնենք այդ բարձունքը, խնդիրներ ենք ունենալու. Մովսես Հակոբյան. NEWS.am
Կառավարությունը հաստատեց Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը
Նիկոլ Փաշինյանն ավելացված արժեքի հարկի համակարգի բարեփոխումների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծել
Հարոյանը համաձայնեցրել է պայմանագիրը իսպանական ակումբի հետ
Քննարկվել են համատեղ գիտատեխնոլոգիական ծրագիր իրականացնելու հնարավորությունները. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» նորարարական կենտրոն
Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Մեծ Իշխանասարի վրա գտնվող "Սև լիճ" արգելավայրը Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկում է
Հայաստան է այցելում Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին
Մխիթարյանի գոլը չփրկեց «Ռոմային» պարտությունից
Սյունիքում իրադրությունը շարունակում է մնալ նույնը. պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Փաշինյանի գիշերային նիստն ու գնահատականները ցույց են տալիս, որ սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ. Աբրահամյան
Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու KIA-ն
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նոր հրամանատարը մինչև ամսվա վերջ կստանձնի իր պարտականությունները
Կառավարության նիստի օրակարգում 50 հարց է, որից 42-ը չի զեկուցվում, ևս 3 հարց գաղտնի է. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267 նոր դեպք, մահացել է 19 մարդ
ԱՀԿ տնօրենը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Արցախի մի շարք համայնքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
1 շաբաթը լրիվ բավարար ժամանակ էր այդ տարածքում մեր կողմից 2 վաշտ տեղակայելու և թեման մեկընդմիշտ փակելու համար
«Սև լիճը» շարունակում է մնալ ադրբեջանական վերահսկողության տակ. բանակցությունները շարունակվում են. Գորիսի փոխքաղաքապետ
Ավելին
Ավելին