f

Անկախ

Մի օր հնարավոր է զոհվածների ցուցակում իմ անունը կարդաք, բայց չհավատաք, սխալ է գրված լինելու հաստատ. Հերոս Արման Եգորյանը


Համեստ, մի քիչ քչախոս, խելացի, բարի, համառ. բնավորության գծեր, որոնցով ընկերներն ու հարազատները բնութագրում են հերոս Արման Եգորյանին: 20-ամյա Արմանը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: 2019 թվականին էր զորակոչվել բանակ, ծառայության էր անցել Արցախում: Օրեր առաջ՝ հունվարի 8-ին, պետք է վերադառնար տուն, բայց...

Գնում եմ Արմանենց տուն ու ամբողջ ճանապարհին մտածում, որ գուցե պետք չէ գնալ, գուցե պետք չէ ընտանիքին ևս մեկ անգամ ցավեցնել՝ գրեթե երկու ամիս առաջ կատարվածը հիշեցնելով, բայց երբ դուռը բացում եմ ու հանդիպում ընտանիքի անդամներին, հասկանում եմ, որ նրանք ցավի հետ մեկտեղ իրենց սրտում կենդանի պահել ու ժպիտով հիշել գիտեն իրենց կապուտաչյա տղային: Արմանի մայրն ու քույրը անսահման սիրով ու այդ սիրուն խառնված անանց կարոտով են հիշում նրա ամբողջ կյանքը:

«Մանկուց շատ չարաճճի էր, խելացի, իր ձեռքով ամեն ինչ կարողանում էր պատրաստել,-ասում է քույրը՝ Ալինան, ու արագ-արագ ցույց տալիս եղբոր պատրաստածները, որոնք այսօր ընտանիքի համար սուրբ մասունքներ են դարձել,-Ոսկի ձեռքեր ասվածը Արմանի համար էր: Հիշում եմ փոքր տարիքում, երբ ֆուտբոլ խաղալիս գնդակները ծակվում էին, Արմանը հավաքում էր բոլոր գնդակները ու սկսում էր կարել, այնքան լավ էր կարում, որ նորից չէին տարբերվում»:

Արմանը զբաղվել է սպորտով: Քույրը զուսպ հպարտությամբ ցույց է տալիս եղբոր ստացած պատվոգրերը, որոնք հիմա դրված են Արմանին նվիրված անկյունում ու հիշում, որ Արմանը հասել էր սև գոտու մակարդակի, անգամ Չինաստանից էր հրավեր ստացել:

«Շատ հետաքրքրասեր էր, կյանքով լեցուն, ամեն ինչի մեջ ուրախություն էր գտնում, իր հետ անցկացրած օրը տոն էր: Փորձում էր ամեն ինչ հասցնել: Միշտ մտածում էի, որ դպրոցից հետո որևէ համալսարանում պետք է սովորի, պետք է դիպլոմ ունենա, բայց ինքը չէր ուզում: Ասում էր՝ համալսարանում սովորելը իր համար ժամանակի կորուստ է լինելու, քանի որ եթե պետք է սովորեր, ուրեմն պետք է գերազանց սովորեր, եթե չէ, ուրեմն ժամանակը չէր վատնի: Ինքը էդպիսինն էր՝ կյանքում ամեն բան պետք է աներ մինչև վերջ ու գերազանց: Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքն էլ տվեց մինչև վերջ՝ ցավոք կյանքի գնով...»,-պատմում է Ալինան ու նորից կարոտն է հայտնվում քրոջ աչքերում:

«Շատ համառ էր, իր ամբողջ էությամբ լիդեր էր: Ինքն էր իմ երեխան, բայց այնքան հասուն էր մտածում, որ ես էի ընդունում իր ամեն մի խոսքը: Գիտեի, որ ինքը ոչ մի սխալ բան չէր անի, եթե անգամ գալիս էին ինձ ասում՝ գնա տես Արմանը էլի ինչ-որ բան է քանդում, ես ասում էի, որ եթե ինքը ինչ-որ բան քանդում է, ուրեմն հետևից էլ ավելի լավն է սարքում»,-ասում է մայրը:

Հասցնել ամեն ինչ, հետաքրքրություն գտնել ամեն բանում. Սրանք են եղել Արմանի կարգախոսները: Ու հենց այդ կարգախոսներով էլ մեկնել է ծառայության.

«Շատ էր ուզում ծառայել: Զորակոչի հենց առաջին օրը գնաց՝ հունվարի 8-ին: Ուզում էր առաջինը գնար, որ առաջինն էլ հետ գար, որ ամեն ինչ հասցներ, շատ նպատակներ ուներ...,-պատմում է Ալինան, հետո ավելացնում, որ եղբայրը բանակում հմուտ դիպուկահար է եղել,-Շատ բան չէր պատմում, ասում էր ամեն ինչ լավ է ու սկսում էր մեզանից հարցնել: Ինքը ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ ծառայության ժամանակ շատ համարձակ էր, չէր թողնի, որ իրեն նեղացնեն: Երբեք նեղության չէր տա մեզ, ասում էր, եթե կարաք էս բանը ուղարկեք, եթե չէ՝ պետք չի: Արմանի ծառայությունից տեղեկություններ հետո ենք իմացել ծառայակից ընկերներից, կամավորներից, որոնց հետ կռվել է: Ընկերներից մեկը պատմում էր, որ որոշել էին Արմանի հետ դիրքերում եկեղեցի կառուցել: Դա էլ անավարտ մնաց...»:

Մայրը հիշում է, որ մի անգամ խանութում հեռախոսով Արմանի հետ է խոսել, ասել է, որ գնումները շատ են ու չգիտի՝ ոնց է տուն հասնելու, խոսակցությունից քիչ հետո Արմանի ընկերը մեքենայով եկել և իրեն տուն է հասցրել. «Անգամ բանակում ամեն ինչ անում էր, որ մենք խնդիրներ չունենանք»:

Արմանը 4 տարեկանում կորցրել է հորը, թերևս դա է հետագայում եղել պատճառը, որ իրեն հասուն տղամարդու պես պահի, հոգ տանի ընտանիքի մասին:

Մայրը պատմում է, որ Արմանը տուն զանգում էր միայն այն ժամանկ, երբ լռություն էր լինում, որ իրենք ոչ մի բան չլսեն, չանհանգստանան։

Արմանի դասղեկը հիշում է, որ նա տարբերվում էր բոլորից, առաջնորդ էր, որին հետևում էին բոլորը, նրա խորհուրդները լսում էին, հարգում ու սիրում:

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը մի քանի վայրկյանում փոխեց ինչպես Արմանի, այնպես էլ մնացած տղաների կյանքի ընթացքը:

Հարազատները պատմում են, որ պատերազմի ժամանակ Արմանը Հադրութում ընկերների հետ շրջափակման մեջ է ընկնում. «3-4 օր մնում են շրջափակման մեջ՝ առանց հաց ու ջուր, առանց հրամանատար: Շրջափակումից դուրս գալուց հետո, Արմանին տեղափոխում են Մարտունի, որտեղ շարունակում է կամավորների ու զինվորների հետ մասնակցել մարտական գործողություններին: Պատերազմից հետո կամավորները պատմում էին, թե որքան անվախ ու համարձակ էր, անգամ իրենից մեծերին է քաջալերել ու անընդհատ կրկնել նույն խոսքը.  «Ինչ էլ լինի ես փախնող չեմ»»:

Մայրը պատմում է, որ պատերազմի օրերին Արմանը գրեթե ոչինչ չի պատմել. «Մենք չենք իմացել, որ ինքը շրջափակման մեջ է եղել, չենք       իմացել՝ ոնց է անցկացրել այդ օրերը, ինչ ձևով է դուրս եկել այդ իրավիճակից: 4 օր չէր զանգել: Երբ զանգեց, ասաց, որ հեռախոսը լիցքաթափված է եղել ու դրա համար չի կարողացել զանգել, նորից կրկնեց, որ իր մոտ ամեն ինչ լավ է, միայն բողոքում էր, որ չի լողացել»,- մեղմ ժպիտով պատմում է տիկին Գոհարը ու ավելացնում, որ Արմանը շատ մաքրասեր էր:

Վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը: Չնայած հարազատները ձայնի մեջ հոգնածություն են նկատել, բայց իրեն հատուկ համեստությամբ Արմանը վստահեցրել է, որ լավ է, իր մասին չանհանգստանան:

«Գիշերը զանգեց: Ձայնի մեջ մի տեսակ հոգնածություն կար, ընկճվածություն չէր, այլ երկար ձգվող պատերազմից առաջացած հոգնածություն: Ասաց արդեն անցել ենք մեր առօրյա կյանքին, որ գնում է քնլու, ու որ ոչ մի անհանգստանալու բան չկա: Մեծ եղբայրս՝ Արթուրը, այդ օրերին Հայաստանում չէր, Արմանը վերջին խոսակցության ժամանակ հարցրեց Արթուրը Նոր տարվան կգա չէ՞, ասացինք, որ կգա, ասաց Նոր տարվան ես էլ տանը կլինեմ, երևի... Մեր վերջին խոսակցությունն էր»,-ասում է Ալինան ու լուռ նայում դիմացի պատին կախված ժպտացող երիտասարդի նկարին, որ էլ ոչ մի Նոր տարվան տուն չի գա:

Պատերազմի օրերին Արմանի հորեղբայրը Արցախում է եղել, բայց ոչ մի անգամ չի ստացվել նրանց հանդիպումը:

«Նոյեմբերի սկզբին հորեղբայրս հետ եկավ, բայց նորից պետք է գնար: Արմանը զանգեց ու մամայից իր սիրած սնիկերս տորթը ուզեց, որ հորեղբորս հետ ուղարկեինք: Հետո կամավորներն են պատմում, որ բոլորին ասել էր՝ հեսա հոպարս է գալու, մորս թխած տորթից եք ուտելու: Կարոտել էր մամայի թխած տորթերը, բայց էդպես էլ չհասցրեց ուտել...»:

Արմանի մանկության ընկերները հիմա ծառայում են բանակում, հիշում են, որ պատերազմի օրերին մի երկու անգամ ստացվել է հեռախոսով խոսել: Արմանը ամեն անգամ հետաքրքրվել է՝ ինչպես են, տիրապետում են իրենց զենքին, թե չէ: Ընկերները խնդրել են, որ եթե վտանգի մեջ ընկնի, առաջինն իր մասին մտածի ու կյանքը չվտանգի, իսկ պատասխանը շատ կարճ է եղել. «Ինձ էդպես եք ճանաչու՞մ, ես փախնող չեմ»:

Ընկերներն Արմանին Մանչո էին անվանում: Մայրը դժվարանում է հիշել, թե այդ անունը որտեղից առաջացավ, բայց հիմա բոլորն էլ նրան հենց այդպես են հիշում՝ Կամարիսցի Մանչոն:

Արմանը զոհվել է նոյեմբերի 8-ին, դիպուկահարի իր թաքստոցում՝ զենքը ձեռքին. հենց էդպես էլ գտել են նրան:

«Մինչև վերջ հավատում էինք, որ վիրավոր է: Բայց եկավ մի պահ, որ իր լռությունը արդեն անհանգստացնում էր, մենք գիտեինք, որ հրադադարից հետո՝ խաղաղ պայմաններում առաջինը մեզ կզանգեր, բայց զանգ էդպես էլ չկար, նոյեմբերի 13-ին մեզ ասացին, որ զոհվել է»:

Երբ հարցնում եմ, թե ինչ երազանքներով ու նպատակներով էր գնացել բանակ, քույրը ժպտում է ու փորձում եղբոր անթիվ երազանքները հիշել. «Միշտ ցանկացել է բանակից հետո սեփական գործ ունենալ, դեռ դպրոցական տարիներին ընկերներով հավաքվում էին ու թղթի վրա բիզնես պլաններ էին կազմում, երազում էր բանակից գալ, ընտանիք կազմել, կայանալ...»:

Մեր զրույցի վերջում մայրը հիշում է պատերազմի ժամանակ Արմանի հետ ունեցած խոսակցություններից մեկը. «Մի անգամ հեռախոսով խոսելու ժամանակ ասաց՝ շատ լավ տղերք ենք կորցրել, բայց ոչինչ չենք կարող անել, կյանքն է դաժան, ասաց իմ հետ կռվող տղերք էլ կան, որ իրենց անունները սխալմամբ գրել են զոհվածների ցուցակներում, մի օր էլ հնարավոր է զոհվածների ցուցակում իմ անունը կարդաք, բայց չհավատաք, սխալ է գրված լինելու, հաստատ... Չգիտեմ՝ երկրի համար գնաց էդ քայլին, թե մեր»,- ինքն իրեն հարցնում է Արմանի մայրն ու նույն վայրկյանին գտնում պատասխանը,-«Գնաց էդ քայլին, որովհետև իր տեսակն էր էդպիսին, ինքը պայքարող ու չնահանջող տեսակ էր...»:

Բակից դուրս գալիս՝ ինձ ճանապարհում է Արմանի շունը, որ արդեն երկու տարի ինչ-որ ձայն լսելիս բարձրացնում է գլուխը, փնտրում ու չի գտնում ծանոթ ժպիտն ու հայացքը...

Հայաստան հարցազրույց Արման Եգորյան Տեսանյութ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Երեւանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
ՊԱՀԱՆՋ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մեղադրվում է հօգուտ Ադրբեջանի եւ ՄԹ լրտեսության մեջ
Մենք ունենք ԱԱԾ, որն իր ողջ կազմով լծված ա ոչ թե երկրի, այլ մի դավաճան ոչնչության անվտանգությունն ապահովելով
Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին,7 օր
Մարտի 9-ին Ժամը 17։00-ին Հանրահավաք,ԱրիԲաղրամյան
23 տարի անց էլ Տեր-Պետրոսյանը ամուր փակված է ատելության ու վրեժխնդրության իր սեւ ամրոցում․ Աղվան Վարդանյան
Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը եւ տարել առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները
«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում
Ամեն անգամ մի թույն թափում, ա, բայց միայն նրա համար, որ ցույց տա, թե քաղաքական կյանքում ինքը դեռ ողջ է
Մտավախություն կա, որ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է․ Տիգրան Աբրահամյան
Բժիշկ Մյասնիկովը՝ կանանց համար ամենաօգտակար մթերքների մասին
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի տան հարակից խաչմերուկում տեղադրել են նրա խրտվիլակը
ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատի են տվել Արման Դիլանյանին
ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից. Որն է պատճառը
Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին. ԱՂԲՅՈւՐ
Պարոն Տեր-Պետրոսյան, վերջ տվեք մանիպուլյացիաներին և դիմե՛ք դավաճան Նիկոլին ու հորդորեք հրաժարական տալ
Է՛յ, դուք, սրբապիղծների քայլ, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ
Այս պարտվողական քարոզչության շարունակման դեպքում ոչ միայն Սյունիքի կորուստն է ժամանակի հարց, այլ Տավուշինը ևս
Մանվել ու Գագիկ գոռալով Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր նպատակը բանակի անմիջական ներքաշումն էր ներքաղաքական գործընթացներին
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Երեւան զորք մտցնելը, երկրի թալանը, քաղաքական սպանությունները Լեւոն-Տեր Պետրոսյանի նախագահության ժամանակից են սկսվել։
Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց հանրահավաքները և Երևանը հսկողության տակ առնելու համար դիմեց բանակային զորքի օգնությանը
Լևոն Տեր-Պետրոսյանը մի ղեկավար ա, որը և՛ որպես իշխանության ղեկավար զորք ա հանել ժողովրդի վրա, և՛ որպես ընդդիմության ղեկավար ժողովուրդ ա հանել զորքի վրա
Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել  աշխարհի բոլոր կանանց և խնդրել  հարգել և պաշտպանել նրանց
Երբ և ինչպես Միացյալ Նահանգները խաղի մեջ կմտնի Ղարաբաղում
Ավելին
Ավելին