f

Անկախ

«На смерть գնալու ենք․․․կներես, մա՛մ․․․»


Փետրվարի 14-ին Դավիթ Խաչատրյանը 20 տարեկան կդառնար, եթե պատերազմը ժամանակից շուտ չկտրեց նրա երկրային կյանքի թելը։ Դավիթն անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին ու իբրև հերոս մնաց բոլոր նրանց հիշողության մեջ, որոնց բախտ էր վիճակվել պատերազմի փորձությունը կիսել հենց նրա հետ։

«Կներես, մա՛մ․․․»,-սրանք էին վառվռուն տղայի վերջին խոսքերը, որ նա հասցրել էր արտաբերել շտապօգնության մեքենայում։

***

Դավիթը մորը պաշտում էր։ Մայրն իր գեղեցկուհին էր, իր թագուհին, իր «ջիգյարը», ու երբ պատերազմի օրերին դիրքերից զանգում էր, ամեն ինչ անում էր, որ մայրը չզգա, թե ինչի միջով են անցնում։ Միայն կատակում էր, ասում՝ մա՛մ, ամռանը քեզ բերելու եմ Հադրութ, մի լավ ման տամ, սպասի՛․․․

Դավիթի մայրը՝ տիկին Նառան, հիշում է որդու ծնունդը, թե ոնց զարմացան, երբ տղա ծնվեց։ Աղջիկ էին ասել։

«Երեկոյան բուժքույրերը երկու տղա նորածին բերեցին պալատ, մեկի թուշիկին՝ վերք։ Կատակով ասացի՝ էն ո՞ւմ տղուն եք տարել բանակ, հետ բերել։ Ասացին՝ քո տղան է։ Ես էլ ասացի՝ փաստորեն արդեն հերոս է եկել մամայի մոտ․․․»,-պատմում է մայրն ու աչքերը փայլում են հպարտությունից ու կարոտից։

Դավիթը Հադրութում էր ծառայում։ Սեպտեմբերի 26-ին ուշ երեկոյան զանգում է մորը։ Դա իր զանգի ժամը չէր, մայր շատ է զարմանում։ Խոսում են, ամեն ինչ կարծես նորմալ էր, բայց ողջ գիշեր մայրը չի կարողանում քնել։

«Առավոտյան արթնացա, պարզվեց՝ պատերազմ է։ Հիմա մտածում եմ, որ իրենք արդեն գիտեին, թե ինչ է կատարվում, դրա համար էլ զանգել էր»։

Դավիթը դիպուկահար էր։ Պատերազմի օրերին հազվադեպ էր զանգում։ Մայրը հարցեր չէր տալիս, զգուշանում էր, միայն որդու ձայնը լսելը բավական էր, որ շարունակի ապրել, մինչև նրա հաջորդ զանգը։ Իսկ այդ ընթացքում միայն աղոթում էր, որ Աստված պահապան լինի իր միակ զավակին։

Դավիթից սեր էր հորդում, կենսական էներգիա։ Դա էր պատճառը, որ ամեն տեղ նրան առանձնահատուկ էին ընդունում։ Բանակում ծառայելիս էլ տարբերվող էր։ Վախ չուներ, անելանելի վիճակ չէր ընդունում, բոլոր դժվարություններից ելք էր գտնում։

Պատերազմի ժամանակ մի օր փշալարերից այն կողմ՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող գոտում, տարօրինակ ձայներ է լսում։ Ուզում է առաջ գնալ, ընկերները հետ են պահում, ասում են՝ վտանգավոր է, միգուցե ծուղակ է։ Բայց խուլ ձայնը Դավիթին հանգիստ չի տալիս։ Ի վերջո առաջ է գնում, անցնում փշալարերն ու տեսնում վիրավոր մի հայ զինվորի, որն արդեն երկու օր անօգնական վիճակում օգնության էր սպասում։ Դավիթին հաջողվում է վիրավորին փշալարերի միջով մի կերպ բերել և փրկել նրա կյանքը։

«Սիսական» ջոկատի կամավորները, որոնք Դավիթենց էին միացել ռազմաճակատում, հետագայում շատ բան են պատմել որդու մասին։ Կամավորները Դավիթին «Չղջիկ» ջոկատի հրամանատար էին կոչում։ Չղջիկ, որովհետև վախ չուներ և գիշերները միայնակ գնում էր, զորախմբի համար սնունդ, հագուստ հայթայթում։ 

«Սիսական» ջոկատի հետ տարիքը թացնելով 17-ամյա մի պատանի էր եկել ռազմաճակատ։ Երբ Դավիթն իմանում է տղայի տարիքը, սկսում է համոզել, որ հետ գնա։ Իսկ մինչ այդ սկսում է հոր պես հոգ տանել, խնամել ու փայփայել նրան, ինչպես տան փոքրին։ Այնինչ ինքն ընդամենը երկու տարով էր մեծ նրանից։

Երբ 17-ամյա պատանին ողջ և առղջ դուրս է գալիս պատերազմի ճիրաններից, հետագայում ռեփ երգ է գրում, որտեղ հենց Դավիթի ձայնն է հնչում․ «На смерть գնալու ենք»:

«Շատ էի խնդրել, որ ինձ նկարներ ու վիդեո ուղարկեր։ Ուղարկել էր։ Նկարները մեծացնում էի, ամեն մի մանրուքը նայում, որ հասկանամ ինչ վիճակում են։ Մեկ էլ հանկարծ նկատեցի, որ ոտքերին ինչ-որ կոշիկներ են, որ մեր հայկական համազգեստին չի համապատասխանում։ Երբ զանգեց, հարցրեցի, սկսեց կատակել՝ «մեր Ալիևի բոթասներն են, մամ ջան»։ Հասկացա, որ եղել է մի իրավիճակ, երբ այլընտրանք ուղղակի չեն ունեցել»։

Այդ լուսանկարներն ու տեսանյութը որդու վերջին օրերի վավերագրերն են, որոնցով մայրն ապրում է, զգում նրա շունչն ու փորձում խեղդել օրեցօր սաստկացող կարոտը։

Որդուց մի մասունք էլ է ստացել՝ արդեն մահից հետո։  Չկրակված փամփուշտ է, որի վրա Դավիթն իր անունն էր գրել և պահել «նեղ օրվա համար»՝ որպես այլընտրանք գերի ընկնելուն։

Գերի չընկավ, փամփուշտն էլ մնաց, բայց կյանքը՝ ոչ։

***

Դավիթն արդեն ճաշակել էր պատերազմի ամենածանր փորձությունը՝ տեսել էր մտերիմ ընկերոջ մահը։ Մյուս ծանր հարվածը Հադրութը թողնելն էր։ Մայրը լուսանկարներից էր հասկանում, որ Դավիթի հայացքը փոխվել է, նա արդեն ուրիշ մարդ էր։

Հոկտեմբերի վերջին Հադրութի դիրքերում տղաները շրջափակման մեջ են հայտնվում։ Մի կերպ նրանց հաջողվում է դուրս գալ։

«Հոկտեմբերի 31-ի առավոտյան շատ շուտ Դավիթը զանգեց։ Փորձում էր առույգ տոնով խոսել։ Շատ հարցեր ունեի, բայց միայն հարցրեցի՝ ձեր տանն ե՞ք։ Նկատի ունեի Հադրութը։ Ասեց՝ չէ, մամ, էլ տանը չենք։ Մեկ էլ ձայնը փոխվեց, ասաց՝ մամ, հիշի, տղեդ քեզ շատա սիրում, աշխարհի չափ քեզ սիրում եմ։ Որպեսզի չմնամ այդ խոսքերի ծանր զգացողությունների հետ, թեման փոխեց, սկսեց կատակել։ Բայց ես զգում էի, որ վիճակը շատ վատ է, և իրենք ամեն վայրկյան սպասում են վատագույնին»։

Հադրութից դուրս գալուց հետո ճանապարհին թշնամին անօդաչու թռչող սարքով տղաներին հետապնդում է։ Շուտով հասկանում են, որ հայտնվելու են թշնամու գնդակոծության տակ։ Տղաներից շատերը բաց դաշտում ենթագիտակցորեն վազում են դեպի հարակից շինությունը։ Դավիթը բղավում է, որ ներս չմտնեն՝ հասկանալով, որ շենքը փուլ է գալու։ Նույնիսկ հասցնում է ընկերներից մեկին հրել, մի կողմ գցել, և այդ պահին շենքը փլուզվում է։ Դավիթի ոտքերը մնում են շենքի պանելի տակ, փշրվում։ Մերոնք այդտեղ մոտ հիսուն զոհ են տալիս, 8 վիրավոր, որոնցից մեկն էլ Դավիթն էր։

Երբ շտապօգնությունը գալիս է, Դավիթն ասում է, որ սկզբում մյուսներին տանեն՝ մտածելով, թե իր վիճակը շատ ծանր չէ։ Ասում է՝ զենքը դրեք վրաս, գնացեք։ Մինչև հաջորդ շտապօգնության մեքենայի գալը Դավիթը վիրավոր ընկերների հետ նույնիսկ կատակում է, ասում՝ համբերեք, տղերք, հեսա կտանեն Ստեփանակերտ, կկարեն-կկարկատեն, հետ կգանք։

Հետո Դավիթին են տանում, առաջին բուժօգնությունից հետո պետք է տեղափոխեին Ստեփանակերտ վիրահատության, բայց ճանապարհին նա մահանում է ներքին արյունահոսությունից՝ հասցնելով միայն ասել՝ կներես, մա՛մ․․․

***

Նոյեմբերի 9-ի գիշերը Դավիթի մայրը՝ տիկին Նառան, որ որդու մահից հետո կորցրել էր իրականության զգացումն ու ապրում էր մի անվերջանալի մղձավանջի մեջ, սկսում է անդադար նամակներ ստանալ։ Բոլորը մի բառ էին գրում՝ կներե՛ս։

«Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Հետո հասկացա, որ պատերազմն ավարտվել է, և կորցրել ենք շատ բան․․․Բայց միևնույն է, ես ոչ մի վայրկյան չեմ ընդունել ու չեմ ընդունի, թե մեր որդիներն անիմաստ են զոհվել։ Եթե ես այդ միտքն ընդունեմ, այլևս չեմ կարողանա  ապրել։

Իմ միակ ժառանգը գնաց, իմ տան ծուխը մարեց, ես իմ ամենաթանկը կորցրեցի, ու հիմա ինչ-որ մեկն ինձ ասի, թե դա անիմա՞ստ էր։ Ես դա երբեք թույլ չեմ տա, մեր որդիներն անիմաստ չեն զոհվել, նրանք մարտնչել են, նրանք գիտակցաբար իրենց կյանքը դրել են զոհասեղանին։ Ինչպես Դավիթս է ասել «На смерть գնալու ենք», նրանք իսկապես գնացել են մինչև վերջ, ու ես հասկանում եմ այդ խոսքերի իմաստը․․․»։

 

Դավիթ Խաչատրյան հերոսներ Արցախյան երկրորդ պատերազմ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին