ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել, որով տեղեկացվում է, որ իրենք տեսախորհրդակցության ձևաչափով առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտագործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտագործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Երկխոսությանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համատեղ հայտարարությունում նշվում է, որ «համանախագահները նախարարների հետ տևական և բովանդակալից կարծիքների փոխանակում են արել տարածաշրջանում կայունության աջակցության հարցերի, միջնորդական գործընթացի մեթոդների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի շուրջ»:
Այդ դիվանագիտական սլենգը հնարավոր չի թվում թարգմանել հասկանալի քաղաքական լեզվի, քանի որ համանախագահները, անգամ ղարաբաղյան պատերազմից հետո հակամարտության գոտու լուրջ փոփոխությունների պարագայում, շարունակում են պահպանել գաղտնիության կարգը բանակցային գործընթացում: Ուստի փորձենք ընդհանուր գծերով վերականգնել որոշ իրադարձություններ, որոնք հանգեցնում են որոշակի մտորումների:
Ինչպես հայտնի է, ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Բաքու, ուր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորեց նրանց «մենք ձեզ չենք հրավիրել» ակնարկով: Ավելին, Ալիևը հայտարարեց, որ «ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է», և մեջտեղ եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունակության հարցը: Իսկապես, Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել պատերազմի ավարտի փուլին, երբ Ռուսաստանը (հաղորդակցվելով Թուրքիայի հետ), Ադրբեջանը և Հայաստանն անմիջականորեն զբաղված էին հակամարտության կարգավորման լուծումների որոնումներով, որից հետո, բացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, նախանշվեց հակամարտության հետագա կարգավորման «նոր հնարավորությունների միջանցք»: Առավել ևս, որ նախկին բանակցային օրակարգը ջնջվել էր:
Այսուհանդերձ Մոսկվան որոշեց չհրաժարվել Մինսկի խմբի գործունեությունից, ինչպես և Հայաստանը, որը, հասկանալի պատճառներով, հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցություններ սկսելու, ավելի ճիշտ շարունակելու պատրաստակամության մասին: Խնդիրը Բաքվի դիրքորոշումն էր, որի համար բանակցությունների վերսկսումն այդ ձևաչափով նշանակում էր նոր օրակարգի առաջադրում, ինչն այսպես թե այնպես առնչվում էր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին: Պաշտոնապես նա կարող էր առաջարկել լուծել այդ հարցը, ինչպես նաև ռուսական խաղաղապահների հարցը Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակով: Սակայն, ըստ ամենայնի, Ալիևը որոշ սեփական նկատառումներով որոշեց հակամարտությունը չհանել համաշխարհային դիվանագիտության իրավասության ոլորտից՝ այդպիսով ստեղծելով «խորհրդավոր ինտրիգ»:
Որոշ բաքվեցի փորձագետների կարծիքով՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ ինչ-ինչ հանգամանքներում Բաքուն կարող է ԵԱՀ.Կ ՄԽ ձևաչափում առաջադրել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահներին այլ երկրների ներկայացուցիչներով համալրելու հարցը, որպեսզի խոչընդոտի ռուսական խաղաղարար առաքելությունը մշտական տեղակայված ռազմաբազայի վերածման ձևակերպումը: Մյուս կողմից, Մոսկվան նույն այդ ձևաչափով կարող էր մյուս համանախագահների հետ առաջադրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «համանախագահների գործողությունների համակարգման շրջանակներում»:
Այս տրամաբանությամբ Մինսկի խումբը կարևոր է թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղացողների համար: Ինչպես կարծում է The Jamestown Foundation կենտրոնը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը «կարող է ընդլայնվել նոր գաղափարախոսությամբ»: Ըստ ամենայնի, հատկապես այդ խնդրի լուծմամբ են զբաղված այժմ Մինսկի խմբի համանախագահները, որոնք միմյանց հետ փակ հանդիպումներ են անցկացնում: Դրանցից մեկը տեղի ունեցավ վերջերս Վարշավայում: Բայց որոշակի հստակություն երևան կգա միայն այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ցույց կտան հակամարտության կարգավորման իրենց պատրաստած փաթեթը: Մեր կարծիքով՝ այն պետք է ընդգրկի հրաժարումը նոր պատերազմից Ղարաբաղում հակամարտող կողմերի փոխադարձ քաղաքական վստահության պայմանների ստեղծման և Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղ համաձայնությամբ ստանձնած պաշտոնական պարտավորությունների կատարման միջոցով: Միայն այդպես ԵԱՀԿ Մինսկի խումբը կբարձրացնի իր խաղաղարարական առաքելության հեղինակությունը: Իհարկե, հազիվ թե հիմա հաջողվի վերադառնալ Մադրիդյան սկզբունքներին, և այդ ուղղությամբ համանախագահները պետք է ապահովեն խաղաղ երկխոսության շարունակությունը, այնուհետև՝ մնացած մարդասիրական գործերը: Եթե առաջին ուղղությամբ կայուն առաջընթաց չլինի, մնացած հարցերի քննարկումը կորցնում է իմաստը:
Հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկի Բաքվին և Երևանին խաղաղության ընդգրկուն համաձայնություն կնքել, որից հետո կարող են հաջորդել որոշակի գործողություններ երկու կողմից, ընդհուպ միմյանց հետ դիվանագիտական հարաբերությունները: Բայց դա այնուամենայնիվ իրադարձությունների հետագա զարգացման լավատեսական սցենար է:
Չի կարելի բացառել ԱՄՆ-ի կողմից «նոր մոտեցումների» ի հայտ գալը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, «Ղարաբաղյան հակամարտռության վերջնական կարգավորումը դեռ առջևում է» և «ԱՄՆ-ն նպատակ է դնում այնպիսի ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում, որը կարտացոլի Երևանի շահերը, ոչ թե միայն Մոսկվայի, Բաքվի և Անկարայի»: Ընդ որում, ամերիկյան իշխանություններին չի կաշկանդում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին օրակարգը իսպառ հնացած է և այսօր տարածաշրջանն ապրում է միանգամայն նոր իրողություններով: Այսպես թե այնպես իրավիճակը լռվել է մի միջանկյալ հատվածում, որը ցանկանում է լրացնել Մինսկի խումբը:
Ասվածից բխում է այն եզրակացությունը, որ Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես Անդրկովկասում կայուն խաղաղության հասնելու համար դեռ ջանքեր պետք է գործադրվեն: Համենայն դեպս, առանց Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ցանկության և համագործակցության շատ դժվար կլինի նոր խնդիրներ լուծել:
Ստանիլավ Տարասով
Աղբյուրը՝ ИА REGNUM