f

Անկախ

Հասարակակա՛ն կազմակերպություններ, դեռ ժամանակ ունեք, եկեք Ազատության հրապարակ


2018 թ. իշխանափոխությունից մի քանի օր անց՝ մայիսի 15-ին,  44 խորհրդանշական թվով հասարակական կազմակերպություններ հայտարարություն տարածեցին, որն այլ կերպ, քան հավատարմության երդում նորաթուխ իշխանությանը հնարավոր չէ բնորոշել:  Ողջունելով «ժողովրդի հաղթանակը» և կարևորելով «քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը»՝  նրանք հայտարարում էին. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»:

Սա աննախադեպ էր մեր անկախ պետության պատմության մեջ, մինչ այդ երկրում երեք իշխանություն էր փոխվել, և երբևէ չէր պատահել, որ հասարակական կազմակերպություններն իրենց պարտքը համարեին հայտարարել, որ նոր եկած իշխանության անվերապահ աջակիցն են: Ասենք, ուրիշ երկրներում էլ դժվար է նման նախադեպ գտնել: Նկատի ունենանք, որ արտերկրում «հասարակական կազմակերպություն» եզրույթի փոխարեն գործածվում է «ոչ կառավարական կազմակերպություն» եզրույթը, ինչը ենթադրում է հորիզոնական հարաբերություններ կառավարության հետ. երբեմն համագործակցություն կամ աջակցություն, եթե նպատակները համընկնում են, բայց միշտ արթուն հայացք կառավարության գործողություններին և հարկ եղած դեպքում խիստ գնահատական, նույնիսկ անողոք քննադատություն: Պատահական չէ, որ կառավարության՝ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման մասին  զեկույցներին զուգահեռ համապատասխան միջազգային կառույցներն անպայման քննության են առնում տվյալ երկրի հասարակական (ոչ կառավարական) կազմակերպությունների այլընտրանքային և ստվերային զեկույցները, որպեսզի համադրելով դրանք՝ ճիշտ պատկերացում կազմեն և ճիշտ գնահատական տան:

Ի՞նչ խնդիրներ կամ մարտահրավերներ էին նշում նրանք, որոնց հաղթահարմանն աջակցելու էին իրենք. թույլ տնտեսություն, ահռելի պետական պարտք, սահմանափակ ռեսուրսներ, անարդյունավետ ենթակառուցվածքներ: Այսքանը: Համադրենք սա այսօրվա աղետալի իրավիճակի հետ: Քար լռություն: Այդ 44 կազմակերպություններից միայն Հայաստանի հելսինկյան կոմիտեին գիտենք, որ շատ արագ սթափվեց հեղափոխական էյֆորիայից և իսկապես հավատարիմ մնաց իր գործունեության հիմնական սկզբունքներին (եթե ուրիշներն էլ կան, որոնց չենք նկատել, հազար ներողություն):

«Մենք շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել այնպիսի  օրակարգային հարցեր, ինչպիսիք են՝  մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության անկախությունը, ազատ և մրցակցային տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- հայտարարում էին: Թե ինչպես էին անցած երեք տարում այս խոստումը կատարում, գիտենք, հեռավոր անցյալ չէ: Բայց խոսքն արդեն այսօրվա մասին է, երբ  ծառացել է մեր պետության լինել-չլինելու հարցը, երբ պատերազմի ավարտից երեք ամիս անց էլ թշնամին առանց կրակոցների, վարչապետի աթոռը պինդ բռնածի պայմանավորվածություններով գյուղ առ գյուղ նվաճում է Սյունիքը: Արդեն քանի օր է՝ հարյուրավոր անձինք ու հաստատություններ կոչ են անում փետրվարի 20-ին գալ Ազատության հրապարակ և վերջ տալ այս իրավիճակին: Հասարակական կազմակերպություններ, որ ձեզ քաղաքացիական հասարակություն եք երևակայում, ո՞ւր եք, Հայաստանո՞ւմ եք, թե դուք էլ եք զոհվել ռազմաճակատում: Չէ, պարզվում է, որ կաք, այստեղ եք, և ահա թե ինչ է ասում մինչ օրս հարգված Խոսքի ազատության կոմիտեի ղեկավարը խոսքի ազատության սահմանափակման տխրահռչակ օրինագծի կապակցությամբ. «Առհասարակ, շատ հակասական իրավիճակ է. մի կողմից տեսնում ենք, որ հեռուստաեթերը ողողված է ընդդիմադիր կեցվածք ընդունած հեռարձակող լրատվամիջոցներով, որոնք ուղղակի զբաղված են բնակչության ուղեղի լվացմամբ և մի թիրախ ունեն՝ Նիկոլ ՓաշինյանըԱնկախության տարիներին մենք այդպիսի իրավիճակ դեռ չէինք ունեցել, և երկրի որևէ ղեկավար չէր հանդուրժի այդպիսի բազմակուսակցական եթեր, որն ուղղված կլինի բացառապես իշխանությունների դեմ»: 

Ուրեմն ճշմարտությունը հնչեցնող լրատվամիջոցներն ընդամենը «ընդդիմադիր կեցվա՞ծք» են ընդունել, Հայաստանում սովորական կյա՞նք է, բան չի՞ պատահել, ուղղակի որոշել են ընդդիմադիր լինել և զբաղվել մեր «ուղեղները լվանալո՞վ»: Ապշեցուցիչ է: Իսկ որտե՞ղ էր այս կոմիտեն, երբ պատերազմի ողջ ընթացքում պետական մակարդակով իսկապես լվանում էին մեր ուղեղները, թե հաղթում ենք, ջախջախում ենք թշնամուն, հետ ենք շպրտում, իսկ «ընդդիմադիր կեցվածք ընդունածներին» տուգանում ու բերման էին ենթարկում, երբ փորձում էին իրականության մասին ծպտուն հանել: Լավ, բա ո՞վ լինի ընդդիմադիրների թիրախը, եթե ոչ նիկոլ փաշինյանը, եթե այսօր նա է դարձել մեր ազգի թիվ մեկ թշնամին, ոչ թե նույնքան, այլ ավելի թշնամի, քան Ալիևը:

Հավանաբար երեկ երեկոյան մի քիչ փարատվեց Խոսքի ազատության կոմիտեի ղեկավարի տարակուսանքը, ձերբակալեցին նրա նշած  լրատվամիջոցներից մեկի համահիմնադիր Կարեն Բեքարյանին:

Լավ, ի՞նչ անուն տաս սրան, սա ի՞նչ հիպնոս է: Բայց երբեք ուշ չէ սթափվելու համար: Ուշքի եկեք, եկեք Ազատության հրապարակ, եղեք հասարակության կողքին, ոչ թե իշխանությունների, ապացուցեք, որ իրականում կառավարական չեք, հասարակական եք, որ կյանքի եք կոչվել իսկապես մեր երկրի բարօրության համար, որպեսզի վաղը բաց ճակատով ներկայանաք թե՛ մեր հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը: Դեռ ժամանակ ունեք:

Անահիտ Հարությունյան

Հասարակություն հասարակական կազմակերպություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով
Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում (ուղիղ)
Թուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. քաղաքագետ
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան
Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան. Hraparak.am
«Համբերության բաժակը լցրեց». Հայաստանի անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Մանուկյանը Փաշինյանի քաղաքականության մասին. RT
Նիկոլը տարիներ առաջ կամ բումերանգի էֆեկտը,տեսանյութ
Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ. Ղարամյան
Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի
Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար
Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, վճռական օրերն առջևում են․ Վազգեն Մանուկյան
Աշխարհում կորոնավիրուսից  մահացածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան
Սննդաբանը պատմել է. թե ովքեր չպետք է հում բանջարեղեն ուտեն
Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am
Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11.534 նոր դեպք
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին
Քանյե Ուեսթն իր  նախընտրական  քարոզարշավի  վրա 12 միլիոն դոլար  է ծախսել    
Գիտնականները պարզել են, որ B6 վիտամինի պակասը բարդացնում է կորոնավիրուսի ընթացքը
ՀՀ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ է. ուժայինները չեն ենթարկվում Օնիկ Գասպարյանին ձերբակալելու նրա հրահանգին.Mediaport
Ժողովուրդը կանգնած է բանակի կողքին, բանակը՝ ժողովրդի կողքին. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանը վերադարձրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան
Ավելին
Ավելին