f

Անկախ

Հետահայաց 33 տարի անց․ ի՞նչ է հիշում ու ի՞նչ է եզրակացնում Ղարաբաղ կոմիտեի «գաղտնի անդամը»


Ղարաբաղյան շարժման խորհրդանշական օր է համարվում 1988 թվականի փետրվարի 20-ը, չնայած այն սկսվել էր շատ ավելի վաղ։ Այդ օրը համարվում է խորհրդանշական, քանի որ Շարժման ամենամեծ հանրահավաքը տեղի ունեցավ 88-ի փետրվարի 20-ին՝ Ազատության հրապարակում։ Այդ օրվանից հանրահավաքներն ավելի հաճախ ու ավելի մարդաշատ դարձան՝ ձևավորելով համազգային շարժում Արցախի ազատագրման և Հայաստանի անկախության նպատակների շուրջ։

Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, Ղարաբաղ կոմիտեի գաղտնի անդամ Ավետիք Իշխանյանը հիշում է, որ նոր էր վերադարձել Լենինգրադից և մասնակցում էր Հայաստանում բնապահպանական շարժումներից սկիզբ առած ցույցերից մեկին Աբովյան քաղաքում։

«1988-ի Հունվարի 9-ն էր։ Երբ վերադառնում էինք Երևան, ավտոբուսում մեկն ասեց, որ վաղը հավաքվենք օպերայի հրապարակում: Ճիշտն ես՝ թերահավատորեն մոտեցա այդ առաջարկին: Հաջորդ օրը գնացինք օպերայի հրապարակ: Քիչ մարդ կար: Իգոր Մուրադյանն էր խոսում: Դրանից հետո կարծես թե այդ ամենը մարեց, բայց հետո հանրահավաք հրավիրվեց փետրվարի 20-ին: Այդ օրը օպերայի հրապարակը լի էր մարդկանցով»,-հիշում է նա։

 

Այդ ժամանակ արդեն սկսել էր ձևավորվել Ղարաբաղ կոմիտեն, որը սկզբում համակարգում էր Իգոր Մուրադյանը։ Իշխանյանը հիշում է, որ մայիս ամսին Իգոր Մուրադյանը մի ելույթ ունեցավ և առանց համաձայնեցնելու կոմիտեի մյուս անդամների հետ, կոչ արեց ժողովրդին զինվել։ Այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտեն նիստ արեց և որոշեց հեռացնել նրան։

Մայիս ամսին հռչակվում է Ղարաբաղ կոմիտեի 11 հոգանոց հայտնի կազմը։ Ղարաբաղ կոմիտեն ղեկավարում էր Շարժումը, իսկ կոմիտեի համակարգողն էր Վազգեն Մանուկյանը։ Տարբեր հիմնարկներում ստեղծվել էին Ղարաբաղ կոմիտեներ։ «Օրինակ, մեր հիմնարկում՝ գունավոր մետալուրգիայի ինստիտուտում, Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը ես էի։ Բացի այդ կային նաև այլ շարժումներ, ոչ ֆորմալ կազմակերպություններ՝ հայոց լեզվի համար պայքարող «Մաշտոց» միավորումը, որը նույնպես ես էի ղեկավարում, Արշակ Սադոյանը ստեղծել էր այսպես կոչված «սահմանադրական խմբեր», որոնք պատգամավորներին ճնշման ներքո բերում էին Ազգային ժողով տարբեր քվեարկությունների և այլն»։

Քչերը գիտեն, բայց Ղարաբաղ կոմիտեն, բացի հայտնի 11 հոգանոց կազմից, ուներ ևս 5 անդամ, որոնց անունները սակայն չէին հրապարկվում։ Իսկ թե ինչո՞ւ, պատմում է Ավետիք Իշխանյանը։

«Հունիս, թե հուլիս ամիսներին ինձ առաջարկեցին դառնալ Ղարաբաղ կոմիտեի անդամ, ես հրաժարվեցի, քանի որ ավելի շատ Հայաստանի անկախության մասին էի մտածում, չնայած կողմ էի նաև Ղարաբաղի միացմանը Հայաստանին։ Նույնիսկ համակրանքս ԱԻՄ-ի կողմն էր։ Օգոստոս ամսին մեկ անգամ ևս առաջարկ ստացա և համաձայնեցի։ Այդ ժամանակ ես և Արշակ Սադոյանն ընդգրկվեցինք Ղարաբաղ կոմիտեում։ Հերթական քննարկման ժամանակ որոշվեց կոմիտեի կազմն ընդլայնել։ Եվս երկու ակտիվիստի անուն որոշվեց՝ մեկը Մերգելյան ինստիտուտում Շարժման ղեկավարն էր՝ Ալբերտ Բաղդասարյանը, մյուսը՝ ռադիոֆիզիկայի ինստիտուտի Շարժման ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով ևս մեկ հոգի ընգրկվեց Ղարաբաղ կոմիտեում՝ Երջանիկ Աբգարյանը։ Ոչ ոք նրան չէր ճանաչում, բայց նա Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերն էր, և բոլորը համաձայնեցին։ Այդպիսով, 1988 թվականի օգոստոսին ևս 5 հոգի դարձավ Ղարաբաղ կոմիտեի անդամ։  Սակայն որոշում կայացվեց, որ այս 5 հոգու անունը չի հրապարակվելու։ Նպատակը հետևյալն էր եթե Ղարաբաղ կոմիտեի անդամների նկատմամբ ռեպրեսիաներ լինեին, նրանց ձերբակալեին, մենք պետք է ղեկավարեինք Շարժումը։ Եվ փաստորեն, այդ որոշումը ճիշտ էր»։

Երկրաշարժից հետո Ղարաբաղ կոմիտեի անդամները ձերբակալվում են։ Ձերբակալվում են նաև բազմաթիվ այլ ակտիվիստներ, այդ թվում և կոմիտեի 5 «գաղտնի» անդամները։ Սակայն ոստիկանությունն այս հինգին ձերբակալել էր իբրև ակտիվիստների և տեղյակ չէր, որ նրանք նույնպես Ղարաբաղ կոմիտեի անդամներ են։

Որոշ ժամանակ անց ձերբակալվածներին բաց են թողնում, բացի Ղարաբաղ կոմիտեի հայտնի 11 անդամներից և ևս երկու հոգուց՝ Իգոր Մուրադյան, Խաչիկ Ստամբոլցյան։ Նրանց ուղարկում են Մոսկվայի տարբեր բանտեր։

Ղարաբաղ կոմիտեի 5 գաղտնի անդամները, որոնք ազատ էին արձակվել, սկսում են ղեկավարել կոմիտեն ընդհատակյա պայմաններում, քանի որ Հայաստանում արդեն պարետային ժամ էր։

«Մենք գաղտնի հանդիպում էինք, թռուցիկներ էինք տարածում։ Հանդիպումների կոնկրետ վայր չկար, ամեն անգամ հավաքվում էին ինչ-որ մեկի բնակարանում»,-հիշում է Իշխանյանը։

Շարժման ակտիվ անդամներից մեկը՝ Սամվել Շահինյանը, 1989 թ․ ապրիլ ամսին կազմակերպում է հավաք Աշխարհագրական ընկերությունում։ Դա գաղտնի հավաք էր։ Նպատակը հետևյալն էր․ քանի որ 1988 թ․ օգոստոսին Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Հայոց համազգային շարժման ստեղծան մասին, որոշում են մեկ տարի անց հռչակել Հայոց համազգային շարժում ստեղծելումը։

«Այդ ժամանակ մի շատ հետաքրքիր զուգադիպություն եղավ․ սովետական միության զորքերը ջարդեցին Վրաստանի ընդդիմությանը։ Դա մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում։ Այդ մեծ աղմուկի շնորհիվ Հայաստանում պարետային ժամը մեղմացվեց, և դա հնարավորություն տվեց, որ ապրիլի 24-ին տեղի ունենա մեծ հանրահավաք»։

Հաջորդ մեծ հանրահավաքը տեղի է ունենում մայիսի 1-ին, այդպես Շարժումը սկսում է թափ հավաքել։ Դրան զուգահեռ Խորհրդային միության այսպես կոչված դեմոկրատական ուժերը պահանջում են ազատ արաձակել Ղարաբաղ կոմիտեի անդամներին։ Մայիսի վերջին նրանք ազատ են արձակվում ու վերադառնում Երևան։

«Հիշում եմ, հենց ազատ արձակվեցին, Մատենադարանի մոտ մեծ հանրահավաք կազմակերպեցինք։ Հանրահավաքը նոր էր ավարտվել, երբ Վազգեն Մանուկյանը մոտեցավ Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամներին և ասաց, որ վաղը իրենց տանը հավաքվում ենք։ Հավաքվեցինք նրա տանը, և Ղարաբաղյան շարժումը սկսեց թափ հավաքել՝ պատրաստվելով հայոց համազգային համագումարին»։

Վազգեն Մանուկյանի տունը դարձել էր Ղարաբաղ կոմիտեի շտաբը, որտեղ տեղի էին ունենում հիմնական հավաքները։

1989 թվականի աշնանը տեղի է ունենում Հայոց համազգային շարժման առաջին համագումարը։ Բայց մինչ այդ Շարժման պատվիրակները գնում էին տարբեր շրջաններ և տեղում քննարկումներ իրականացնեն։

«Ես մեկնեցի Արցախ, այնտեղ Մետաքսի կոմբինատում էր Շարժման հավաքը։ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայոց համազգային շարժման ներկայացուցիչը Արցախում»։

Առաջին համագումարն ընտրում է վարչություն։ Վարչության կազմում էին Ղարաբաղ կոմիտեի բոլոր անդամները։ Այնուհետև կազմն ընդլայնվում է։

«Ընտրությունը լեգիտիմ էր, բայց բավականին պարզունակ։ Վարչության մեջ ընդգրկվեցին նաև անձիք, որոնք մինչ այդ Շարժման մեջ որևէ դերակատարում չունեին և անծանոթ էին մեզ։ Ուղղակի խնդիր էր դրված ներգրավել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, և այդ պահին մարդիկ ընտրում էին այդ մասնագիտության տեր մարդուն՝ առանց նրան ճանաչելու»։

Հաջորդ օրը տեղի է ունենում վարչության նիստ, և Վազգեն Մանուկյանն ընտրվում է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ։

«Պարբերաբար ՀՀՇ-ն նիստեր էր գումարում և որոշումներ էր կայացնում, և կարելի է ասել, որ Հայաստանում ձևավորվել էր երկիշխանություն։ Դե յուրե իշխանությունը կոմունիստական կուսակցության ձեռքին էր, բայց Հայոց համազգային շարժման ցանկացած որոշում անց էր կացվում և՛ բանակցությունների միջոցով, և՛ Գերագույն խորհրդի որոշումներով։ ՀՀՇ անդամները հանդիպումներ էին ունենում և սերտորեն համագործակցում իշխանությունների հետ»։

Այդ ժամանակ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական բախումները, և Հայաստանում ստեղծվում էին կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ՝ մի մասը Շարժման ղեկավարության ներքո, մյուս մասը՝ անկախ։

Վազգեն Մանուկյանը հիմնականում զբաղված էր այդ կամավորական խմբերով, մեկնում էր շրջաններ և հաճախ ժամանակ չէր ունենում մասնակցելու վարչության նիստերին։ Ի դեպ, վարչության նիստերը տեղի էին ունենում Տեխնիկայի տանը, որն այժմ Սիրիայի դեսպանատունն է։

Իշխանյանը հիշում է, որ վարչության ներսում սկսել էին դժգոհություններ բարձրացնել, որ Վազգեն Մանուկյանը, լինելով վարչության նախագահ, բացակայում էր նիստերին։

«Վարչության ներսում ձևավորվում էին տարբեր կոալիցիաներ։ Իմ կարծիքով՝ այդ ամենն ուղղորդված էր։ Վազգեն Մանուկյանը, իմանալով, որ ներսում ինչ-ինչ խժդժություններ են առաջացել, հայտարարեց, որ հրաժարական է տալիս վարչության նախագահի պաշտոնից։ Եվ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ, նստեց նրա տեղը՝ դառնալով ՀՀՇ վարչության նախագահ։ Վազգեն Մանուկյանը ՀՀՇ վարչության կազմում շարունակեց մնալ արդեն որպես վաչության անդամ»։

Մոտենում են Գերագույն խորհրդի ընտրությունները, և ՀՀՇ-ն պատրաստվում էր մասնակցել ընտրություններին։

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, Խորհրդային միությունը թուլացել է,այլևս ռեպրեսիաների ենթարկվելու վտանգներ չկան, և շատերը դարձան շատ «համարձակ»՝ հասկանալով, որ ՀՀՇ-ի միջոցով կգան իշխանության։

Մանուկյանն առաջարկում էր, որ այդ ընտրություններում չպետք է նպատակ դնել իշխանություն վերցնելու, այլ պետք է ունենալ բավականին մեծ ազդեցիկ խմբակցություն։ Իր մոտեցումը նա բացատրում էր հետևյալ փաստարկով՝ քանի դեռ Հայաստանը ԽՍՀՄ կազմում է, պետք չէ թշնամանալ կենտրոնի հետ, միևնույնն է՝ խմբակցության և ժողովրդի ճնշման տակ ԳԽ-ն կընդունի մեզ անհրաժեշտ որոշումները: Սակայն Շարժման անդամներից շատերին արդեն իշխանության գալու հեռանկարն այնքան էր ոգևորել, որ նրանք դեմ են արտահայտվում Մանուկյանի առաջարկին։

Ընդհանրապես, Մանուկյանը գտնում էր, որ սկզբնական շրջանում իշխանությունը պետք է ձևավորել կոմունիստերի հետ միասին, քանի որ վերջիններս փորձառում են, և երկիրը ցնցումների չի ենթարկվի:

«Կյանքը ցույց տվեց, որ ՀՀՇ վարչության անդամների մեծ մասի նպատակն իսկապես իշխանության հասնելն էր,-ասում է Իշխանյանը,-մինչդեռ Ղարաբաղ կոմիտեի, Հայոց համազգային շաժման ստեղծման նպատակը Ղարաբաղի միավորումն էր Հայաստանին և անկախությունը։ Ղարաբաղ կոմիտեի և ՀՀՇ-ի այն անդամները, որ ողջ են, այսօր նույնպես չեն արձագանքում այն իրավիճակին, որի մեջ հայտնվել են Արցախն ու Հայաստանը։ Փաստորեն, իսկապես այդ մարդկանց նպատակն իշխանությունն էր, ոչ թե Ղարաբաղի հարցը և Հայաստանի անկախությունը․․․»։

Ղարաբաղ կոմիտե Ղարաբաղյան շարժում Արցախյան շարժում խմբագրի ընտրանի Վազգեն Մանուկյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
Ս. Օհանյանը մանրամասներ է պատմել պատերազմի ժամանակ Արցախի նախագահի աշխատասենյակում Փաշինյանի հետ հանդիպումից. Aysor.am
ՊՎԾ աշխատակիցներին, նաև արձակուրդում գտնվողներին հորդորում են գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ՝ Հրապարակի հանրահավաքին միանալու համար․ Ռուբեն Մելիքյան
4-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Անցկացվել է հրամանատարական հավաք 2-րդ զորամիավորումում
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Busvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. Մալյան
Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան և քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան
Քերոբյանը և Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին
Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ. ԿԳՄՍՆ
Փաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին
Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան
Չեմ հիշում հայոց պատմության մեջ երբևէ եղել է պետության ղեկավար, որը հետևողականորեն քայքայել է պետությունը, երկիրը նպատակաուղղված տարել պատերազմի և պարտության
Այսօր վաղ առավոտից նոր շարժակազմով սկսել է աշխատել 99 համարի երթուղին
"Երկակի ստանդարտի" մասին խոսում են երկակի ստանդարտի վարպետ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները
Քասախի համայնքապետը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարան
Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ
5 մարզում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
Դիպլոմներ են հանձնվել ԱԻՆ ՃԿՊԱ շրջանավարտներին
Մարտ ամսին հանրապետության ողջ տարածքում ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել
Հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձևավորվել է փաստաբանների խումբ․ Փաստաբանների պալատ
Ավելին
Ավելին