f

Անկախ

«Ոսկե սերունդ ենք կորցրել, դավաճաններին չեմ ներելու». սյունեցի մանկավարժը որդու զոհվելուց հետո դպրոց չի մտնում


Քաջարանում երկու տասնամյակ պատմություն և աշխարհագրություն դասավանդած Արուս Ստեփանյանը պատերազմում միակ զավակի՝ Արտաշեսի զոհվելուց հետո այլևս դպրոց չի մտնում։

«Դպրոցի ամեն անկյունը, ամեն ինչ տղայիս հետ է կապված, Արտաշեսը դուրս եկավ դպրոցից ու դեռ լրիվ երեխա գնաց բանակ»,- ասում է մանկավարժը։

 

Տիկին Արուսը ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուքի իր էջում տեղադրում է սևաչյա որդու լուսանկարներն ու փորձում անշունչ էկրանի էջերում խեղդել կարոտի իր բաժինը։

Արտաշեսի մայրը հազարավոր ուրիշ մայրերի պես մարտի 8–ին էլ որդուց շնորհավորանք չի ստանա։ Ուսուցչուհին կթերթի դպրոցական տարիքում որդու պատրաստած բացիկներն ու կփորձի իր հուշերում վերագտնել թավ հոնքերով, ժպտադեմ ու խրոխտ որդու հայացքը։

«Մարտի 8-ին պարտադիր ծաղիկներ էր նվիրում, հատուկ ինչ–որ ռոմանտիկ բաներ չէր սիրում, ինձ հայրիկի հետ էր շնորհավորում, իսկ երբ փոքր էր՝ նկարում էր, բացիկ էր պատրաստում, ինչպես բոլոր երեխաները։ Շատ բծախնդիր էր աղջիկների նկատմամբ, դեռ փոքր տարիքից չէր ընդունում աղջիկների վատ սովորելը, դա մի տեսակ չափանիշ էր իր համար»,–հիշում է տիկին Արուսը։

Քաջարանցի ընտանիքն Արտաշեսին անվանակոչել է ի պատիվ հորական պապի և հայոց Արտաշես Բարեպաշտ արքայի։

«Արտաշեսը հպարտանում էր իր անվամբ։ Դեռ շատ փոքր էր, դպրոցում հարցրել էին դու Արտաշես Առաջի՞նն ես, պատասխանել էր՝ ոչ, ես երկրորդն եմ, առաջինը պապիկս է։ Ինձ համար էլ հայոց պատմության ամենասիրելի թեման Արտաշեսյանների ժամանակաշրջանն էր, հատկապես Արտաշես Ա-ի։ Թեման ներկայացնելիս միշտ  հպարտությամբ էի արտաբերում Արտաշես անունը, գուցե հենց նրա համար, որ որդուս այդ անունով եմ կոչել։ Բայց... Պատերազմը թույլ չտվեց, որ որդիս Արտաշես Առաջինի նման երկար կյանք ունենա»,–պատմում է Արցախյան պատերազմում անմահացած զինվորի մայրը։

Ծուռ սասունցու և հաստատակամ սյունեցու արմատնով Արտաշեսի սխրագործությունների մասին ամբողջ Քաջարանը գիտի։ Ամռանը բանակ զորակոչված 18–ամյա զինվորը, որը դեռ չէր էլ հասցրել լիարժեք տիրապետել զենքերին ու հարմարվել բանակային կյանքին, պատերազմի դաշտում դարձավ հրետանավոր և շուրջ մեկ ամիս թշնամուն զգալի կորուստներ պատճառելով զինակիցների հետ անառիկ պահեց Մարտունին։ Հրետանային մարտկոցում կռվող դիպուկ հրետանավորի սխրանքների մասին հետո պիտի պատմեր զինակից ընկերը՝ Արարատը։ Առանց հրամանատարի մնացած տղաները ստիպված են եղել օրեր շարունակ  միայնակ որոշումներ կայացնել, թե ե՞րբ և ո՞ր թիրախին հարվածեն։ Հոկտեմբերի 27–ին տղաները հրաման են ստանում զբաղեցնել մոտակա լքված կրակային դիրքը։ Առաջինը Արտաշեսն էր նետվել առաջ՝ կատարելու առաջադրանքն ու զոհվել։

«Որդիս միջակությունը չէր ընդունում. հայրենիքի, ծնողների, հարազատների և ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի։ Շատ էր սիրում իր ծննդավայր Քաջարանը։ Երբ առաջարկեցին որդուս հուղարկավորել «Եռաբլուրում»՝ հրաժարվեցինք. մեր տղան պիտի մնար իր սիրելի քաղաքում»,– ասում է մայրը։ Արտաշին հուղարկավորեցին Քաջարանի հերոսների պանթեոնում։ Հերոսի մայրը հետո պիտի ուժ գտներ իր մեջ՝ այցելելու նաև «Եռաբլուր». այնտեղ, ուր հանգչում են Արտաշեսի պես լուսավոր հարյուրավոր տղաներ, ուր դեռ չի լռել հրացանների համազարկը, ուր դեռ փակ դագաղներով հուղարկավորում են զինվորներից մնացած մասունքները։ «Սարսափ, ափսոսանք, հուսահատություն, անզորություն, անտանելի ցավ, չարություն. բոլորը զգացմունքներս խառնվել էին իրար»,– փորձում է տեսածը նկարագրել տիկին Արուսը։ Զինվորի մոր համար մինչեւ օրս անհայտ է մնում, թե ինչպես 44 օր հաղթանակի մասին խոսող բանակը պարտվեց, ինչպես իշխանությունները Արտաշեսի ու նրա նման հազարավոր նորակոչիկների թողեցին բախտի քմահաճույքին։

«Մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, ինչպես կարող էին այդպես վարվել 2-3 ամսվա ծառայողների հետ, չէ՞ որ այդ երեխաներն էին հայրենիքի ապագան կերտողները, թե՞ իրենց պետք չէին խելացի, խոստումնալից, արժանապատիվ, թասիբով տղաներ»,– հարցնում է զինվորի մայրն ու հայտարարում՝ երբեք դավաճաններին չի ներելու․

«Հայ ազգը, ցավոք, պատմության ընթացքում դավաճանների պակաս չի ունեցել, ինձ իմ ցավն է տանջում, ինչու՞ պիտի մեր միակ զավակը, մեր հույսն ու լույսը դառնար ստոր դավաճանության զոհ, երբեք չեմ ներելու»։

Հայրենքի ու միակ զավակի կորստից ուշքի չեկած մոր համար կրկնակի ցավ է ապրել պառակտված հասարակությունում, կռիվ տալ մարդկանց անտարբերության, երբեմն անգամ «արխայինության» հետ։

Տիկին Արուսը դժվարանում է հավատալ, որ երբևէ մեր ազգը դուրս կգա պատերազմի ու պարտության թմբիրից․

«Եթե այս դաժան, վաճառված պատերազմը, մեր 5000 լույս տղաների կորուստը, անհետ կորածները, գերիները, վիրավորները, խեղված ճակատագրերը չմիավորեցին ազգին, մի բռունցք չդարձանք, որ ցավը միասին հաղթահարենք, որ կորցրածը միասին հետ բերենք, դժվարանում եմ հավատալ ուժեղ Հայաստանի հեռանկարին»։

Անտարբեր մարդկանց հետ կողք-կողքի ապրող պատմության ուսուցչուհին ստիպված է կուլ տալ Զանգեզուրը գրավելու մասին Ալիևի հոխորտանքները և մեկընդմիշտ որոշել՝ երբեք թուրքի հետ հարևանություն չի անելու։

«Չեմ ցանկանում ոչ մեկին վիրավորել, բայց եթե սյունեցու թասիբի ու արժանապատվության կեսը շատերն ունենային, մենք երկիր կորցնելու վտանգի առաջ չէինք հայտնվի։ Սյունեցին միգուցե ստիպված լինի թուրքի հարևանությամբ ապրելու, բայց երբեք հարևանություն չի անի»,– անկեղծանում է մանկավարժը։

Հերոսի մայրը հավատում է՝ հնարավոր է կորցրածը հետ բերել և փրկել ազգային արժանապատվությունը, եթե մարդիկ մի կողմ դնեն նեղ անձնական նկրտումներն ու վեր դասեն ազգային շահը։

«Երկրի ապագայով մտահոգ, իսկապես հայրենասեր հայերը իրականում շատ չեն, ցավալի է, բայց փաստ, հազարավոր հզոր տղաների կորցրեցինք, ոսկե սերնդին, ազգի սերուցքին։ Մինչև ազգային շահը վեր չդասենք անձնականից, ոչնչի չենք հասնի»,– համոզված է Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Արտաշեսի մայրը։

Թագուհի Մելքոնյան

Արուս Ստեփանյան Պատերազմ Հայաստան Սյունիքի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանն Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին
Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր.Ալիև
Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել.՛՛Հրապարակ՛՛
Բրիթնի Սփիրսին  քննադատել են  BLM  շարժմանը  սատարելու համար
Նյու Յորքում հրաձգության արդյունքում մեկ  զոհ և  երկու վիրավոր  կա
Ադրբեջանի ավտորիտարիզմը և Բաքվի «Ռազմավարի զբոսայգին». Eurasianet (ԱՄՆ)
Ալիևը պատմել է Ղարաբաղում Իսկանդերի մասին նամակին ՌԴ ՊՆ պատասխանի մասին
՛՛Հրապարակ՛.Սյունիքում են ԱՄՆ դեսպանը,Արմեն Աարգսյանը և Փաշինյանը.մարդիկ տագնապած են
Քննարկումն ավարտվեց. ԵԽԽՎ-ն ոչ մի բանաձև, որոշում, հայտարարություն չընդունեց հայ ռազմագերիների մասով
Ես իրեն չեմ էլ ուզում տեսնել. Կապանի քաղաքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելելու մասին
«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան. 168.am
Քիչ առաջ հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:
«Հայրենիք» կինոթատրոնի սեփականատերն ուզում էր փոխել շենքի արտաքին տեսքը. Քաղաքապետարանը մերժել է
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
 Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Արսեն Թորոսյանն աշխատակազմին է ներկայացրել ֆեյքերի ՊՈԱԿ-ի նոր տնօրենին
Սինգապուրում շնչառության  միջոցով COVID-19-ի թեսթավորման  համակարգ  են  ստեղծել
Թրամփը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 164 նոր դեպք
Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղևորվել է Սյունիքի մարզ
Ինդոնեզիայում  6.0  մագնիտուդով  երկրաշարժ է  տեղի  ունեցել
Տեխասի բնակիչները ցանկանում են Մեթյու Մակքոնահիին նահանգապետ դարձնել
ԱՀԿ-ում պատմել են  կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելու հնարավոր ժամկետի մասին
Կրեմլում օտարերկրյա գործընկերներին կոչ են արել  հրաժարվել «հակառուսական զանգվածային փսիխոզից»
Եթե նախօրոք չեն պայմանավորվել ռուսական պատվիրակության հետ, ապա ստացվում է, որ իր չհամաձայնեցված քայլով հայկական կողմը, փաստորեն, խփել է բանակցություններին
Ավելին
Ավելին