f

Անկախ

«Մեր ժամանակների ցեղասպանություն էր»․ երկվորյակ եղբայրներից մեկը զոհվեց, մյուսը հրաշքով ողջ մնաց


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի բակում սպասում եմ Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորված 20-ամյա Արմեն Հակոբյանին: Բակում վիրավոր զինվորներ են՝ անվասայլակներին նստած, վիրակապերով, երիտասարդ տարիքին ոչ բնորոշ ծանր հայացքով:

Մի քանի մետր այն կողմ կյանքը շարունակվում է, իսկ այստեղ նույնիսկ արևոտ օրը չի ցրում օդում կախված տագնապն ու ցավը, որ դեռ երկար, գուցե ընդմիշտ հետապնդի նոր կյանք մտած, բայց արդեն կյանքի խավարին հանդիպած այս լուսավոր տղաներին:

Մոտենում է Արմենը՝ ձեռնափայտը ձեռքին, իսկ ձեռքերին՝ այրվածքների խորը հետքեր: Մինչ նրա հետ հանդիպելն արդեն գիտեի եղբոր ու իր պատմությունը: Կարդացել էի, սարսափից քարացել: Բայց ստիպված էի խնդրել, որ նորից պատմի, չնայած գիտեի, որ վերհիշելը նրա համար դժոխքի ճանապարհով անցնելուն էր հավասար:

Արմեն ու Զավեն Հակոբյանները երկվորյակներ են: Ծնվել են Վարդենիսում՝ 2001 թվականի մարտի 22-ին: 2019 թվականի ամռանը միասին զորակոչվել էին բանակ, ծառայում էին Մեղրիում: Երբ պատերազմը սկսվում է, հոկտեմբերի 2-ին նրանց տեղափոխում են Արցախ՝ Ջրական (Ջաբրայիլ):

«Մենք պատերազմը լրիվ ուրիշ ձև էինք պատկերացնում. նստում ես խրամատի մեջ ու սկսում ես կրակել կամ անտառի մեջ ես թաքնվում ու կրակում: Երբ հասանք Արցախ, հասկացանք, որ պատերազմը մենակ կրակելը չի: Իսկ էսպիսի պատերազմ դեռ ոչ ոք չէր տեսել: Անգամ սպաները չեն պատկերացրել նման բան: Մենք կամիկաձեների դեմ էինք կռվում»,-ասում է Արմենը:

Երբ հասնում են Ջաբրայիլ, սարսափելի տեսարանների են հանդիպում: Տեսնում են, թե ինչպես է թշնամին ԱԹՍ-ներով հերթով պայթեցնում դիմացից գնացող զինվորական «Ուրալները» մինչև տեղ հասնելը: Մեր զինվորները ողջ-ողջ այրվում էին, ու հնարավորություն չկար նրանց օգնելու: Արցախի օդն անպաշտպան էր ու բաց:

Հոկտեմբերի 9-ին 19 հոգանոց զորախումբը, որի մեջ էին նաև երկվորյակ եղբայրները, «Ուրալով» անցնում էր Իշխանաձոր գյուղի միջով: Ամբողջ ճանապարհին թշամին գնդակոծում էր: Տղաները հասկանում էին, որ մահվան ճանապարհով են անցնում: Հանկարծ պայթյունների ձայները սկսում են մոտենալ:

Որպեսզի զինակից ընկերները չընկճվեն, Արմենի եղբայրը՝ Զավենը, սկսում է բարձր երգել՝ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք...»: Ընկերները ձայնակցում են նրան, ու հենց այդ պահին մեքենան պայթում է: Տղաների երգն ընդհատվում է ընդմիշտ...

Արմենը հիշում է, որ պայթյունի հարվածի ալիքն իրեն դուրս շպրտեց վառվող մեքենայից ու գցեց գետնին:

«Երբ ընկա, աչքերիս դիմաց մթնեց, հետո աչքերս բացեցի, 1-2 րոպե ամեն ինչ սպիտակ էր երևում, իսկ հետո արդեն տեսա, թե ոնց է վառվում մեր «Ուրալը», տղերքն էլ՝ մեջը»:

Արմենի ձեռքերն ու դեմքը նույնպես այրվում էին։ Մի կերպ, գետնին ընկած, կրակը հանգցնում է: Այդ ընթացքում այրվող մեքենայից լսում էր եղբոր ու զինակից ընկերների օգնության կանչող ձայները: Ուժերը հավաքելով՝ փորձում է բարձրանալ, որ մոտենա մեքենային, բայց դեռ չգիտեր, որ լուրջ կոտրվածքներ ունի: Երբ ոտքի է կանգնում, աջ ոտքը միանգամից փշրվում է: Կոտրված էր նաև ձախ ձեռքը: Արմենն ընկնում է, բայց մինչև վերջ գիտակցությունը չի կորցնում: Նույնիսկ սեփական ցավը չէր զգում, միայն անհուսությունից խելագարվում էր, որ տեսնում էր, թե ինչպես են աչքի առաջ եղբայրն ու ընկերներն այրվում, իսկ ինքն անզոր է նրանց փրկել կրակի ճիրաններից:

Որոշ ժամանակ անց մոտենում է Իշխանաձորի գյուղապետն ու, տեսնելով գետնին ընկած վիրավոր զինվորին, իր մեքենայով շտապ հասցնում է գյուղի հիվանդանոց, որտեղից Արմենին տեղափոխում են Գորիս, ապա Երևան:

Մեքենայում գտնվող 19 հոգանոց զորախմբից փրկվում է միայն Արմենը:

«Մինչև հիմա չեմ պատկերացնում, թե այդ ոնց եղավ, որ ես ողջ մնացի: Նույնիսկ վիդեոն եմ նայել, թե ոնց են մեր մեքենան պայթեցնում: Ինձ համար դա ուղղակի հանելուկ է, անհնարին մի բան»:

Արմենը չի ուզում հավատալ, որ եղբայրը չկա: Զավենն իր համար միայն եղբայր չէր, իր կեսն էր բառի բուն և փոխաբերական իմաստով: Երկվորյակ եղբայրները ծննդյան օրվանից անբաժան էին. դպրոցում նույն դասարանում էին, քոլեջում՝ նույն բաժնում, համալսարանում՝ նույն ֆակուլտետում, բանակում՝ նույն վաշտում, նույնիսկ շարքում՝ կողք-կողքի: Միակ տեղը, որտեղ նրանց ճանապարհները բաժանվեցին, կյանքի ու մահվան սահմանագիծն էր:

Սարսափելի պատերազմից ու եղբոր կորստից հետո Արմենն այլևս ապագայի ծրագրեր ու երազանքներ չի կազմում: «Ես ու եղբայրս շատ բան էինք երազում, բայց լրիվ ուրիշ բան եղավ: Հիմա ես չգիտեմ, թե վաղն ինչ է լինելու, դրա համար ապրում եմ օրով, իմ ներկայով, ո՛չ երազում եմ, ո՛չ էլ մտածում ապագայի մասին»:

Դեպքից ավելի քան 6 ամիս է անցել, բայց ո՛չ հոգու վերքերն են բուժվել, ո՛չ մարմնի: Երկու անգամ ոտքն են վիրահատել, մեկ անգամ՝ ձեռքը, ու դեռ պիտի նորից վիրահատվի: Հայրենիքի պաշտպանի կենտրոնում փորձում է կամաց-կամաց վերականգնել շարժունակությունը: Ասում են՝ մի քանի ամսից լավ լինի:

Մարտի 22-ին Արմենը դեռ նոր 20 տարեկան է դարձել, բայց պատերազմը նրան մի ամբողջ կյանքի հասունություն է տվել: Այդ հասունությամբ էլ վերլուծում է պատերազմն ու դրա հետևանքները։ Ասում է՝ պատերազմն ավարտված չէ, հարցերն էլ լուծված չեն, պարզապես հարաբերական անդորր է։ Իսկ կորցրած հողերը պետք է ու հնարավոր է հետ բերել․ «Բայց դրա համար նախ երկրի ղեկավարը պիտի ղեկավար լինի, ոչ թե շիզոֆրենիկ»,-ասում է։

Շատ բան կուզենար ասել, բայց լռում է, քաղաքականությունից խոսել չի սիրում։ Միայն ավելացնում է․ «Մեր բանակը չի ջարդվել, զինվորը չի պարտվել, պարտվողը երկրի ղեկավարներն են, որ արեցին մեր ժամանակների ցեղասպանություն ու ոչնչացրեցին մի ամբողջ սերունդ․․․»։

 

 

արցախյան պատերազմ Արմեն Հակոբյան Զավեն Հակոբյան հերոսներ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
«Ժողովուրդ». Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում
Ավելին
Ավելին