f

Անկախ

«Նոյեմբերի 10-ին որդուս դագաղի մոտ ասացի՝ Զոկա, վե՛ր կաց, մեր հողերը հանձնեցին, հանուն ինչի՞ դու զոհվեցիր․․․»


Եռաբլուրի հերոսների շիրմաքարերից մեզ են նայում ժպտուն, կենսուրախ, գեղեցկադեմ երիտասարդներ, որոնք ասես մահվան հետ որևէ առնչություն չունեն:

Շիրմաքարերից մեկի երիտասարդն էլ կարծես նստած քեզ է նայում ու ասում՝ դու էլ նստիր, զրուցենք։ Զոկան է՝ Զորիկ Շահրամանյանը, 18 տարեկան: Արցախցի:

Զորիկն ընտանիքի առաջնեկն էր: Հայրը որոշում է որդուն անվանակոչել իր քեռու անունով, որը զոհվել էր 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ: Այդ միտքն այնքան էլ կնոջ սրտով չէր, բայց ամուսնուն դեմ չի գնում: Երեխային Զորիկ են կոչում, իսկ մայրը նրան Զոկա էր ասում, ինչպես շիրմաքարին է գրված։ 

2020 թվականի հունիսի 30-ին Զորիկը 18 տարեկան դարձավ ու զորակոչվեց ծառայության։ Երբ պատերազմն սկսվեց, ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, բայց Ֆիզուլիի շրջանում մասնակցում էր մարտական ակտիվ գործողությունների՝ որպես հրետանու կապավոր։

«Մինչև պատերազմ ամեն օր զանգում էր: Սիրում էր պատմել օրվա անցուդարձը։ Մի օր էլ զգուշացրեցի, որ պետք չի հեռախոսով ծառայությունից շատ բան պատմել։ Ասեցի՝ ո՛չ ինձ կպատմես, ո՛չ էլ ընկերներիդ»,-հիշում է մայրը՝ Մանուշ Սահակյանը։

Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմն սկսվում է, Զորիկը չի զանգում։ Հաջորդ օրը նույնպես զանգ չկար։ Երրորդ օրը զանգում է։ «Երբ ձայնը լսեցի, սկսեցի լաց լինել: Ասեց՝ մամ, խի՞ ես լացում, քեզ չի սազում, սկսեց ինձ ոգևորել՝ ինչպես հասուն տղամարդ: Ասեցի՝ ախր անհանգիստ էինք, ինչի՞ չէիր զանգում։ Ասեց՝ չէի ուզում իմանայիք, թե էստեղ ինչ է կատարվում։ Փաստորեն, իմ խորհրդին էր հետևել, որ ասել էի՝ պետք չի ամեն ինչի մասին պատմել։ Ու իրեն թվում էր, թե մենք չգիտենք՝ էնտեղ ինչ է կատարվում»։

Պատերազմի նույն օրը Զորիկի հայրը՝ Վախթանգը, մեկնում է Արցախ։ Վախթանգը երկար տարիներ Արցախի Զինված ուժերում էր ծառայել, փոխգնդապետ էր, վերջին տարիներին ծառայել էր Ազգային անվտանգության ծառայությունում, որից հետո անցել էր թոշակի։ 2018 թվականից տեղափոխվել էին Երևան։

Պատերազմի երրորդ օրը հայրը  գտնում է որդուն և մի օր մնում նրա հետ։ Այդ ժամանակ կինը զանգում է ամուսնում ու մայրական բնազդով խնդրում, որ փրկի իր 18-ամյա որդու կյանքը և դուրս բերի նրան պատերազմի ճիրաններից։ Ամուսինը մերժում է՝ ասելով․ «Ինչպես բոլորը, էնպես էլ իմ երեխան։ Ամբողջ կյանքում ես եմ զինվորին սովորեցրել չփախչել ծառայությունից, հիմա ես իմ որդուն փախցնե՞մ»։

Հոր ընկերները, որ նրա հետ Արցախ էին մեկնել, տեսնելով, թե ինչ է կատարվում, հորից գաղտնի մոտենում են Զորիկին, ասում՝ նստիր մեքենան։ Զորիկը հասկանում է՝ ինչ են ակնարկում։ Հրաժարվում է՝ ասելով․ «Իմ ընկերներն էստեղ են, ես դավաճան չեմ, որ փախչեմ»։

Հոկտեմբերի 5-ին մայրը վերջին անգամ է որդու հետ խոսում։ Հիշում է՝ ձայնի մեջ այնքան փոփոխություն կար, ասես տասը տարով մեծացած լիներ։ Նույնն էլ այդ օրերի լուսանկարներն են վկայում․ պատերազմի օրերից երկու լուսանկար կա՝ մեկը հոր հետ՝ սեպտեմբերի 30-ին, մյուսն ընկերների հետ՝ հոկտեմբերի 10-ին, իր զոհվելու օրը։ Երկու լուսանկարների մեջ, որ ընդամենը 10 օրվա տարբերությամբ էին արվել, կարծես 10 տարի անցած լիներ։ 18-ամյա տղայի աչքերում արդեն այնքան բան կար, որ մարդիկ ողջ կյանքում չէին հասցնի տեսնել։  

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից սկսած, շփման գծում կրակը դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Բայց թշնամին մինչև ժամը 12-ը փորձում էր հնարավորինս շատ կորուստներ պատճառել մեզ և ակտիվ հրետակոծում էր հայկական դիրքերը։ Զորիկենց զորախումբն այդ ժամանակ Ֆիզուլիում էր, երբ թշնամին պայթեցնում է նրանց երկու «Ուրալները», որոնցից մեկի մոտ կանգնած էր Զորիկը։ Նա ու ևս մի քանի զինվոր զոհվում են, շատերը վիրավորվում։   

«Նույն օրը երեկոյան ամուսինս հանդիպում է որդուս շարասյան մյուս ավտոմեքենաներին, հարցնում է՝ որտե՞ղ է Զորիկը, բոլորը գլուխները կախում են, ռիսկ չեն անում ասել, որ զոհվել է: Ասում են՝ վիրավոր է, չգիտենք ուր են տարել»։

Հայրը սկսում է փնտրել որդուն։ Մի ամբողջ օր միայն Արցախի հիվանդանոցներում, հետո արդեն որոնումները շարունակվում են Գորիսում, Կապանում, Սիսիանում, Երևանում։ Զոկան չկար ու չկար: Մեկ ամիս անց են միայն տղային գտնում՝ դիահերձարանում․․․

Զորիկը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» մեդալով։ Բայց դա սփոփանք չէ ծնողների համար։ Սփոփանք կլիներ, եթե գոնե իրենց որդու արյան գնով հողը պահվեր։

Նոյեմբերի 10-ին Զորիկի հոգեհանգիստն էր։ Այդ օրը կրկնակի ցավի ու տառապանքի օր էր նրա հարազատների համար։ Իրենք որդուն էին հողին հանձնելու, երկրի ղեկավարները՝ հողն էին թշնամուն հանձնելու։

«Որդուս դագաղի մոտ ասացի՝ Զոկա, վե՛ր կաց, մեր հողերը հանձնեցին, հանուն ինչի՞ դու զոհվեցիր, հանուն ոչնչի՞․․․»։

Զորիկը որոշել էր ճարտարապետ դառնալ, ընդունվել էր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ու զորակոչվել բանակ։

«Անհամբեր սպասում էր, թե երբ է զինվոր դառնալու»,-ասում է մայրն ու հիշում, որ բանակ գնալուց մեկ շաբաթ անց զանգեց, խնդրեց, որ իր գծագրական պարագաներն ուղարկենք զորամաս։ Հետո արդեն հրամանատարը պիտի պատմեր, որ Զոկան բանակում Մոնթեի դիմանկարն էր նկարել։ Նկարն այնքան էր դուր եկել հրամանատարին, որ նա տարել էր իր տուն։ Մայրը ցավում է, որ այդպես էլ չտեսավ որդու աշխատանքը։ Մոնթեի դիմանկարը մնաց հրամանատարի տանը՝ Հադրութում, իսկ Հադրութը մնաց թշնամուն։

«Բազմակողմանի զարգացած երեխա էր, չէր կողմնորոշվում, թե որ ուղղությամբ պիտի ուսումը շարունակի։ Բոլոր առարկաներից լավ էր, մաթեմատիկայից՝ առավել ևս: Հաճախում էր շախմատի, «Թումո» կենտրոն, փայտամշակման խմբակ, որտեղ քանդակներ էր պատրաստում։ Զբաղվում էր սպորտով՝ կարատե, ֆուտբոլ, բասկետբոլ, մրցանակներ էր ստանում»։

Մայրը հիշում է՝ մայիսյան եռատոնին նվիրված բասկետբոլի առաջնությանը Զորիկն առաջին տեղն էր գրավել։ Ինչքա˜ն հպարտ էին։ Հիմա ո՛չ որդին կա, ո՛չ եռատոնը, ո՛չ էլ հպարտությունը։

Չնայած ցավին ու չփարատվող վշտին, տիկին Մանուշը շարունակում է բարեգործությամբ զբաղվել, որը սկսել էր տարիներ առաջ՝ որդու հետ միասին։ Ֆեյսբուքյան խմբում կարիքավոր մարդկանց էր օգնում։ Երբ Զորիկը զոհվում է, այնքան է կոտրվում, որ որոշում է փակել խումբը, բայց վերջին պահին փոշմանում է։ «Զորիկն ինձ հետ պահեց այդ մտքից։ Ինքն ինձ շատ էր օգնել այս գործում, ու հասկացա, որ երեխուս հետ սկսած գործը չեմ կարող կիսատ թողնել, հանուն Զորիկի պարտավոր եմ շարունակել»։

Հերոսի մայրն ուրիշներին է օգնում, այնինչ ինքն էլ կարիքի մեջ է։ Երևանում վարձով են ապրում։ Ուզում են գոնե Երևանից դուրս մի փոքր հողակտոր գնել, որ իրենց սեփական անկյունն ունենան, բայց բանկը վարկ չի տալ։ Պարզվում է՝ ամսական 200 հազար դրամը, որ որդու զոհվելուց հետո պետությունից ստանում են, չի դիտարկվում իբրև եկամուտ, և բանկը մերժում է մատչելի տոկոսադրույքով վարկի տրամադրումը։

«Էնքան վիրավորական է, տղաս զոհվեց, բայց ես, փաստրեն, մի փոքր հողակտորի չարժանացա այս երկրում, որ գոնե իմ սեփականությունն ունենամ ու մյուս երեխեքիս ապագան կառուցեմ»,-ասում է մայրը։

Ամուսինն ուզում է մեկնել Հայաստանից, ասում է՝ այստեղ ապագա չկա։ Կինը դեմ է։ Որդուն երբեք մենակ չի թողնի Եռաբլուրում․․․

 

 

Զորիկ Շահրամանյան Զոկա հերոսներ արցախյան պատերազմ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

պրոֆեսոր Արմեն Չարչյանը կկալանավորվի
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկի արդյունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատասխանը՝ Վեոլիա Ջուր» ընկերությանը
«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը
Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել
Հունիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+40 աստիճանի
Ծննդյան օրվա առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը
Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ
Համացանցում տարածում է գտնում ԿԸՀ կեղծ կայքը, որում հրապարակվում են վերահաշվարկի կեղծ թվեր․ Փաստերի ստուգման հարթակ
Եթե դու ազգ ես, որը ցեղասպանություն է տեսել Թուրքիայի կողմից, ապա պետք է զգույշ լինես. քեզ բարեկամ է պետք. ՀՀ նախագահ
Մինչ մենք պայքարում էինք փողոցներում, որոշ ուժեր նախընտրական շտաբներ էին ձեւավորում. Վանեցյան
Իշխանությունը ընդամենը փորձում է ձեռք բերել սահմանադրական մեծամասնություն`գրեթե անսահման իշխանություն ունենալու համար
Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային. Արթուր Վանեցյան
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Եվրամիության ձայնը լսելի չհնչեց. Արմեն Սարգսյան
Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել
Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի
Ալիեւը կրկին բարձրացրել է ականապատված տարածքների քարտեզների հարցը
Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան
Ավինյանը՝ քաղաքական հայացքների պատճառով պաշտոնյաներին աշխատանքից ազատումների մասին
Բայրամով. Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ
Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը
Ուշագրավ թվեր վերահաշվարկի արդյունքում. «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
Իրավունք ունեմ ստանալ հարցերիս պատասխանները՝, լինելով Պահպանողական կուսակցության հիմնադիրներից մեկը
Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ պետք է անել
Ավելին
Ավելին