f

Անկախ

«Մոտենում ենք բիֆուրկացիոն կետին․ կա՛մ շանս ենք ստանում հզորանալու, կա՛մ խաչ ենք քաշում Հայաստանի վրա». կառավարման փորձագետ


Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ Անկախ-ը զրուցել է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանի հետ։

 

-Պարոն Մեսրոբյան, Դուք դեմ էիք ընտրություններին՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում դա ավելի կխորացնի ճգնաժամը։ Այնուամենայնիվ, պաշտոնապես ընտրություններն արդեն նշանակված են եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի։ Ի՞նչ կասեք դրա հետ կապված:

-Ես ընտրություններին դեմ եմ ոչ թե իմ ցանկությամբ, այլ կառավարման մեջ օգտագործվող ճգնաժամային գնահատման մոդելներից ելնելով: Այդ մոդելները  ցույց են տալիս, որ համաձայն Պարետոյի օրենքի՝ նման իրավիճակում ընտրությունների գնալու դեպքում 80% հավանականությամբ մեզ սպասվում են արհավիրքներ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո:

-Արհավիրքներ ասելով ի՞նչ ի նկատի ունեք։

-Քաոսային իրավիճակ, սադրանքներ, գերլարվածություն, հասարակության վտանգավոր բևեռացում, ընդհուպ մինչև արյունահեղություն: Այդ մոդելով ես կանխատեսել եմ վերջին տասը տարիների բոլոր արհավիրքները՝ 2008-ի դեպքերից սկսած, վերջացրած 2016-ի ապրիլյան պատերազմով և իհարկե 2018-ի իշխանափոխությունն ու 2020-ի պատերազմը և դրա ողբերգական վախճանը: Տա՛ Աստված, որ այս անգամ գործի 20% հավանականությունը: Ի դեպ, այս կոնտեքստում կարող ենք դիտարկել նաև Սյունիքում հենց այս պահին տեղի ունեցող իրադարձությունները, որոնք շատ վտանգավոր են։

-Եթե ընտրությունները տեղի ունենան, Դուք գնալո՞ւ եք ընտրության։

-Ես չեմ գնալու այն պարզ պատճառով, որ եթե աշխատի իմ նշած 80% հավանականությունն, ապա ես այդ դժբախտության հանցակիցը կլինեմ: Այդ իսկ պատճառով բոլոր ուժերին պարբերաբար կոչ եմ անում գնալ 1998-ի սցենարով, երբ իշխանափոխությունն իրականացավ կուլիսների ետևում՝ առանց չարաբաստիկ ընտրությունների:

-Մայիսի 9-ին ազդարարվեց «Հայաստան» դաշինքի ստեղծումը, որը գլխավորելու է ՀՀ 2-րդ նախագահ Ռ.Քոչարյանը, այնուհետև տեղի ունեցավ բավականին բազմամարդ հանրահավաք: Ի՞նչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի՞ հաղթելու այս պայքարում:

-Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ասպարեզ եկավ ՀՅԴ-ի և խորհրդանշական Սյունիքի կուսակցության հետ, ավելի է սաստկացնելու մինչընտրական, ընտրական և հետընտրական կրքերը, որովհետև բարիկադի 2 կողմում կուտակվում են խիստ իրարամերժ ուժեր, իսկ դա է՛լ ավելի մտահոգիչ է ինձ համար՝ որպես կառավարման փորձագետ: Ինչ վերաբերում է Քոչարյանի շանսերին, քանի որ մենք ծայրահեղություններ սիրող ժողովուրդ ենք (չնայած լեզուս նույնիսկ չի պտտվում մեզ կոչել ժողովուրդ), դա նշանակում է, որ 2 բևեռներն էլ բավականին մարտական են տրամադրված լինելու, ընդհուպ իրար ոչնչացնելու աստիճան: Իսկ դա նշանակում է, որ կողմերի հաղթանակի հավանականությունը կախված է անսպասելի քայլերից, սադրանքներից ու վտանգավոր զարգացումներից՝ այդ թվում նաև արտաքին ուժերի կողմից գեներացվող:

-Մարդիկ հիասթափված են և չեն ուզում գնալ ընտրությունների՝ հիմնավորելով, որ կրկին պայքարը մտնում է հնի ու նորի դաշտ: Շատերն ուզում են, որ այս իշխանությունը հեռանա, բայց չեն ուզում, որ գա նախկին իշխանության ներկայացուցիչը: Արդարացվա՞ծ է արդյոք նման հիմնավորումն այս օրհասական պահին:

-Ինձ նման հիմնավորումները չեն հետաքրքրում շատ պարզ պատճառով. և՛ 1991-ի, և՛ 2018-ի ընտրությունները ցույց են տվել, որ մենք արժանի չենք ազատ ընտրությունների և այդ ընտրությունների միջոցով երկրի ապագան որոշելու։ Իմ նշած 2 ազատ ընտրություններից շատ կարճ ժամանակ անց մենք զզվում էինք մեր ընտրությունից: Այսինքն, երկրի ղեկավար ընտրելն այն հարցն է, որից մենք լրիվ բոբիկ ենք: Մենք ավելի շատ սիրում ենք լսել ճարտար խոսքեր ու խոստումներ, քան սառը գլխով ընտրություն անել: Մենք բոլորս ականջներիս պետք է օղ անենք՝ ընտրություններին ընտրվում է երկրի ապագան, իսկ հույզերով կամ էյֆորիկ վիճակներում ապագա չեն ընտրում, այն էլ երկրի: Հիմա էլ այս սև ու սպիտակի «մեյմունությունը»: Մենք կակոկրատական՝ անարժան իշխանություն սիրող հասարակություն ենք: Եթե լինի հրաշք, ու մենք ունենանք մերիտոկրատական՝ արժանի իշխանություն սիրող հասարակություն, ապա արժանի կլինենք նաև ընտրության գնալու:

-Հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Ի՞նչ տեղի կունենա, եթե վերընտրվի այս իշխանությունը, և ի՞նչ է մեզ սպասվում, եթե հաղթի ընդդիմությունը։

-Եթե վերարտադրվի այս իշխանությունը, Հայաստանի վրա կարելի է վերջնական խաչ քաշել։ Եթե իշխանության գա ընդդիմությունն, օրինակ՝ Քոչարյանի դաշինքը, կառաջանա որոշակի շանս: Եվ ես կարող եմ մատնանշել այդ դաշինքի ուժեղ և թույլ կողմերը: Սկսեմ ուժեղ կողմերից. իրենց առաջին հանրահավաքի հարթակում ես դեռ չեմ տեսել օդիոզ դեմքեր: Բացի այդ, Քոչարյանն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ և որոշակի խարիզմա: Ինչ վերաբերում է թույլ կողմերին, ապա Քոչարյանի կառավարման ժամանակ ընդհանուր առմամբ եղել է բավականին անհաջող կադրային քաղաքականություն, հակաճագնաժամային կառավարում եղել է, բայց զուգահեռ ծրագրային կառավարում չի եղել։ Ծրագրային կառավարումն այն է, երբ դու գործում ես արդեն մշակված երկրի զարգացման և հզորացման ծրագրով: Մի խնդիր էլ կա. ինչպես և բոլոր ուժերի մոտ, այս ուժի մոտ էլ ես դեռ չեմ տեսնում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենքն ընդունելու միտումը, որով Հայաստանը պետք է կոշտ ձևով մաքրվի գրանտալափության ճիրաններից ու դրսից սնվող ապազգային և կեղծ ազգայնական դեմքերից, որոնք վերջին շրջանում հատկապես ոչ պատահական ձևով ակտիվացել են: Հիշեք՝ Ուկրաինայում 2014-ին հաղթեցին կեղծ ազգայնական գրանտալափ ուժերը, իսկ 2019-ին, զզված այդ ուժից, մարդիկ իշխանության բերեցին ապազգային գրանտալափ ուժերի, բայց նրանք երկուսն էլ կառավարվում են նույն կենտրոններից: Մեզ մոտ 2018-ին եղավ ճիշտ հակառակը՝ իշխանության եկան ապազգային գրանտալափ ուժեր, որոնց նկատմամբ աճում է անգամ ատելությունը, և ճոճանակի էֆեկտով հիմա կարող են գալ կեղծ ազգայնական գրանտալափեր: Դա ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ։

-Նախընտրական ի՞նչ քայլեր պետք է կատարեն այս իշխանության դեմ պայքարող ուժերը, որպեսզի հասարակությունն իսկապես վստահի նրանց և իր քվեն տա։

-Պետք է նպատակաուղղված աշխատանք տանեն առաջին հերթին արժանի մտավորականների հետ, որոնք երբեք չեն գովաբանել օրվա իշխանություններին, երբեք չեն օգտվել կենտրոնական և տեղական կառավարման պաշտոններից ու կերակրատաշտերից: Նման թափթփուկներին անհրաժեշտ է մղոններով հեռու պահել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից: Պետք է հայտարարել և արդեն նախընտրական փուլից ի կատար ածել անձնական պատասխանատվության մշակույթը, օրինակ՝ կադրային քաղաքականության մեջ ցանկացած պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր ոլորտի համար, ընդհուպ մինչև քրեական: Կամ նախընտրական խոստումը չկատարելու դեպքում պարտադիր պատասխանատվություն կրեն և այլն: Ես առաջարկում եմ նաև, որ նոր իշխանությունն անցնի կոշտ նախագահական պետական կառավարման համակարգի:

-Ի՞նչ ծրագրերով, Հայաստանի զարգացման ի՞նչ տեսլականով պետք է առաջնորդվի Հայաստանի հաջորդ իշխանությունը։

-Ես գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է զուգահեռ 2 մեթոդաբանությամբ երկիրը կառավարի՝ հակաճգնաժամային և ծրագրային: Այսինքն հրատապ խնդիրները լուծելուն զուգահեռ պետք է առաջ տանել երկրի երկարաժամկետ ծրագիրը։ Դրա համար նոր իշխանությունը պետք է արժանիններին հավաքագրի կառավարման պրոցեսների մեջ, այնպիսի գործիչների, ինչպիսին, օրինակ, Վազգեն Մանուկյանն է, որը պետք է հանգուցային դերակատարում ունենա նոր Հայաստանում: Նոր իշխանությունը պետք է գիտակցի, որ մահապարտի ֆունկցիա է իր վրա վերցնում: Հակառակ դեպքում մահանալու է երկիրը:

Մի քանի ամսից հետո պատրաստ կլինի Հայաստանը փոսից հանելու, զարգացման և հզորացման ռազմավարական ծրագիրը, որի մշակումը մենք մեր թիմով սկսել ենք նախորդ տարվա հուլիս ամսից, և 65% այն արդեն պատրաստ է: Այդ ծրագրում ներկայացված են լինելու այն ճանապարհները և մեխանիզմները, որոնցով մեր երկիրը կարող է իսկապես դուրս գալ այս ողբերգական վիճակից և գնալ դեպի զարգացում ու հզորացում։

- Ձեր գործունեության ընթացքում հակաճգնաժամային կառավարման ոլորտում մի շարք հաջողություններ եք գրանցել։ Ի՞նչ խորհուրդ կարող եք այդ իմաստով տալ նոր իշխանությանը։

-1994-ին ակտիվ մասնակցելով ՀՀ դրամի կայունացման աշխատանքներին, մի քանի տարի անց միանձնյա կառավարելով Ֆինանսաբանկային քոլեջի մեկնարկը,  չաշխատող «Նաիրիտ» գործարանի 2003-ի վերագործարկումը, 2001-2004 թվականներին անվճարունակ «Արարատ» բանկի 100% առողջացումը և ունենալով մի շարք այլ հակաճգնաժամային հաջողություններ` ես եկա այն համոզման, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է հստակ ունենալ նպատակի երկարաժամկետ տեսլական և կոշտ մեթոդներով ի կատար ածել այն: Դա է պատճառը, որ երկրի նոր իշխանությունները պարտադիր պետք է հակաճգնաժամային կառավարումը համակցեն ծրագրային կառավարման հետ:

- Համամի՞տ եք այն կարծիքին, որ այս իշխանությունն ամեն գնով կփորձի պահել իշխանությունը, եթե նույնիսկ պարտվի ընտրություններում։

-Այո, գործող իշխանություններն օգտագործելու են բոլոր լծակներն ու միջոցներն իշխանությունը պահելու համար, որովհետև իրենց դեմ կանգնած է մի ուժ, որն իրենց համար սկզբունքային հակառակորդ է: Առավել ևս, որ իրենց իշխանության օրոք մենք ունենք 10 հազար զոհ պատերազմի և քովիդի հետևանքով, 10 հազար քմ տարածքի կորուստ, տասնյակ հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, հաշմանդամներ ու տեղահանվածներ: Իրենք լավ գիտեն, որ այս ամենն անհետևանք չի մնալու: Այսինքն իշխանություն պահելն իրենց համար կյանքի և մահու պայքար է, դրա համար ամեն գնով կփորձեն պահել: Եվ դա նույնպես պարարտ հող է, որ սկսվեն լուրջ խժդժություններ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ հետո:

-Կառավարման տեսակետից ի՞նչ փուլում է գտվում Հայաստանն այսօր:

-Այսօր մեր երկիրը գտնվում է ֆորսմաժորի մեջ: Դա 3-րդ՝ ամենավտանգավոր վիճակն է: Մինչև 2018-ի ապրիլը Հայաստանը պետական կառավարման իմաստով խորը ճգնաժամի մեջ էր, որն է՛լ ավելի խորացավ 2018-ի ապրիլից մինչև 2020-ի մարտը։ Դրանից հետո մենք մտանք կատարյալ փոթորկի փուլ, երբ նույն վայրում և նույն ժամանակահատվածում գումարվում են մի քանի ճգնաժամեր, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ից մենք գտնվում ենք ֆորսմաժորի մեջ, այսինքն՝ անհաղթահարելի ուժի պայմաններում: Իսկ ֆորսմաժորի ժամանակ հակացուցված կամ առնվազն վտանգավոր են ցանկացած ընտրություններ: Այժմ մենք մոտենում ենք վերջին՝ բիֆուրկացիոն կետին, որն անվերադարձելիության կետն է։ Դրանից հետո կա՛մ շանս ենք ստանում վերականգնվելու և հզորանալու, կա՛մ․․․

Հարություն Մեսրոբյան խմբագրի ընտրանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կառավարում

Այլ հոդվածներ հեղինակից

Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է
«Հայաստան» դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց. Արմեն Չարչյանի կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հատվածների գազամատակարարումը
ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան
Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք․ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին (տեսանյութ)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք․ արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը 2887 է
«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է. ՔԿ
Նման բան տեղի չի ունեցել․ Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին
Ատրճանակը հայտնաբերվեց, գումարը` դեռ ոչ. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 23-ից 24-ը բացահայտվել է հանցագործության 45 դեպք
Բաշինջաղյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ հատվածին
Էլեկտրոնիկայի սարքեր արտադրող ընկերությունը ներառվեց Ալյանս» ազատ առեւտրի գոտում. Ներդրումները կկազմեն 67,7 մլրդ դրամ
«Հրապարակ»․ Քվեարկության վերահաշվարկն էական փոփոխություն կառաջացնի՞ վերջնական պատկերում
Նախագահ Արմեն Սարգսյանը գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ
Մենք այս ընտրություններով նոր ստանդարտ ենք սահմանել. Նիկոլ Փաշինյան
Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ. Եվրո-2020
Կառավարությունը ևս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018-ի համեմատ աճել է 35,7 հազար դրամով կամ 20,2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան
Ռոնալդուն` Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՈՒԵՖԱ-ի վարկանիշ
Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Կառավարության նիստի օրակարգում 34 հարց է, որից 31-ը չի զեկուցվում. Եվս երկու հարց գաղտնի է
Մխիթարյանը ճանաչվել է Ռոմայի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ
Հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին․ Արցախի նախագահ
Հեռանում եմ. հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին. Արտակ Աղբալյանը դիմում է գրել
Ավելին
Ավելին