f

Անկախ

Ցուցանիշը մտահոգիչ է, բայց ոչ անակնկալ ․ Հայաստանում տարրական դպրոցն ավարտողների 35 տոկոսը վարժ կարդալ չի կարողանում


Հայաստանում տարրական դպրոցի բարձր դասարաններում սովորող աշակերտների 35 տոկոսը չի կարողանում վարժ կարդալնման տվյալ է հրապարակել Համաշխարհային բանկը Հայաստանին առնչվող այս տարվա զեկույցում։ Ուշագրավ է, որ այս ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևաններ Վրաստանին (13,8) և Ադրբեջանին (23,3)։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ցուցանիշը մտահոգիչ է, բայց ոչ անակնկալ։ «Դեռևս TIMSS  միջազգային ստուգատեսում մենք ունեցել ենք այդպիսի խնդիրներ աշակերտների մոտ 30 տոկոսը չի կարողացել հաղթահարել ներքին շեմը։ Իհարկե, TIMSS -ը մաթեմատիկա և բնագիտություն առարկաներն է դիտարկում, բայց չեմ կարծում, որ կրթական համակարգում տարբեր առարկաների դասավանդման միջև առանձնապես մեծ տարբերություններ կան»,- ասում է նա։

Հարցին, թե որն է նման մտահոգիչ ցուցանիշի պատճառը, կրթության փորձագետը մի քանի գործոն է առանձնացնում։ Խաչատրյանը հատկապես շեշտում է նախադպրոցական կրթության հասանելի չլինելը բոլոր երեխաներին։ «Երեխաների զգալի մասն ընդհանրապես նախադպրոցական կրթություն չի ստանում։ Մինչդեռ վաղ մանկության տարիները շատ կարևոր են կրթական գործընթացում։ Երբ նախադպրոցական կրթությունից զուրկ երեխաները գալիս են դպրոց, իրենք չեն ունենում բավարար պատրաստվածություն և անգամ բավարար բառապաշար»,- ասում է Խաչատրյանը։

Կրթության փորձագետի խոսքով՝ որոշ երեխաներ ուսումնական  ծրագրերից հետ են մնում ոչ թե այն պատճառով, որ իրենց մտավոր ընդունակությունները ցածր են, այլ այն պատճառով, որ իրենք չեն հասկանում դասագրքի բառերը և ուսուցչի բառապաշարը։

«Դասագրքում օգտագործվում են գրական բառեր, բայց  ունենք երեխաներ, որոնք  գալիս են այնպիսի ընտանիքներից, որտեղ այդ բառերն ընդհանրապես չեն օգտագործվում։ Այդ երեխան, անկախ առարկայից, կարդում է ու այդ հայերեն բառը կամ բառերը  չի հասկանում»,- ասում է նա՝ հավելելով, որ մատնանշված խնդիրը չի կարող լուծվել, քանի դեռ նախադպրոցական կրթությունը հասանելի է ոչ բոլորին, և երեխան դպրոց է մտնում անպատրաստ։

«Նախադպրոցական կրթության ոչ բոլորին հասանելիության պատճառով մեր երեխաներն անհավասարաչափ են զարգացած։ Առաջին դասարանում ունենք երեխաներ, որոնք գիտեն  տառերը, թվերը, անգամ ամբողջ առաջին դասարանի ծրագիրը, ռուսերենն էլ վրադիր։ Դրան զուգահեռ ունենք երեխաներ, որոնք ոչ մի բան չգիտեն։ Սա ուսուցչի աշխատանքը դժվարացնում է,  քանի որ ուսուցիչը չգիտի, թե որ թիրախի վրա աշխատի. եթե սկսում է թույլերի հետ աշխատել, լավ իմացողները ձանձրանում են»։

Որպես երկրորդ պատճառ կրթության փորձագետը մատնանշում է աղքատության բարձր ցուցանիշը Հայաստանում։  «Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրում չի կարող լինել կրթության  բարձր մակարդակ, որովհետև շատ ընտանիքներում աղքատությունը կրթությունը երկրորդ պլան է մղում, իրենց համար երեխան աշխատուժ է, ոչ թե ինչ-որ գիրք կարդացող»,- ասում է Խաչատրյանը։ Նա նաև հավելում է՝ աղքատությունը դատավճիռ չէ, աղքատ ընտանիքներում էլ կան լավ սովորող երեխաներ։ Սակայն շատ բան ծնողից և նրա ընկալումներից է կախվածեթե ծնողը կրթությունը դիտարկում է որպես ապագա բարեկեցության բանալի, խրախուսում է երեխայի ուսումնառությունը։ 

Իսկ երրորդ պատճառն, ըստ  Խաչատրյանի,  ավելի գլոբալ է, այն անգամ  քննարկվում է գիտության մակարդակում։ «Մարդկությունը դարեր շարունակ զարգացել է կարդալով, հիմա կյանքը կառուցվում է այնպես, որ մարդիկ այլևս ոչ թե կարդում են, այլ թերթում են։ Հիմա մենք թերթող մարդու դարաշրջան ենք մտնում, որն էկրանի ազդեցության հետևանք է։ Մարդը հաճախ ուզում է կարդալ, բայց չի կարողանում, քանի որ իր ուղեղն էկրանային տրամաբանությամբ է, ինքը չի կարողանում երկար ժամանակ անփոփոխ բանի վրա կենտրոնանալ։ Սա մեծ խնդիր է, եթե կարդացող ուղեղը կորցնենք, և մնանք թերթող ուղեղի հույսին։ Որքան էլ տեխնոլոգիաների զարգացումը լավ է, ամեն դեպքում մեզ կարդացող ուղեղ պետք է, և  պարտադիր չէ, որ այդ կարդացող ուղեղը գիտնական լինի»,- ասում  է նա։

 Անդրադառնալով  կրթական համակարգում առկա այս խնդիրը շտկելու ուղիներին՝ Խաչատրյանն ասում է՝պետք է նախադպրոցական կրթությանը զարկ տալ, բարձրացնել մատուցվող կրթության որակը և ծնողների կրթական մակարդակը։

«Դպրոցները  նաև պետք է ունենան լրացուցիչ, փոխհատուցող ծառայություններ, որպեսզի այն,  ինչ  երեխան չի ստանում դպրոցից և ընտանիքից, կարողանա ստանալ  լրացուցիչ ծառայությունների միջոցով։ Պետությունը խոցելի խմբերին լրացուցիչ կրթական ծառայություններ պետք է մատուցի։ Մենք  կրթությունը պետք է դիտարկենք որպես հանրային բարիք, որը  պետք է հասանելի լինի  բոլորի համար»,- ասում է Խաչատրյանը։

ՀԲ զեկույցում կարևորվում է ուսուցիչների դերն աշակերտների սովորելու ու մոտիվացվելու հարցում։ Պարոն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ մանկավարժների հանդեպ վարվող պետական քաղաքականությունն արդյոք նպաստում է, որ ուսուցիչը կարողանա արդյունավետ աշխատել և մոտիվացնել աշակերտին։ «Մեզ մոտ  ստեղծել ենք մի այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչները շատ քննադատվում են և քիչ վարձատրվում։ Քննադատված լինելն իրենց սոցիալական կարգավիճակն իջեցնում է հասարակական կյանքում, ինչի հետևանքով  նրանք կորցնում են ազդելու  հնարավորությունը։ Եթե նախկինում ուսուցիչը հեղինակություն էր և ազդելու հնարավորություն ուներ, հիմա այդ հնարավորությունները բազմակի պակասել են»,- ասում է նա։

Կրթության փորձագետը շեշտում է՝ պետությունը  կրթությունը գցել է շուկայական հարաբերությունների հորձանուտը, ինչի հետևանքով այստեղ ավելի ազդեցիկ է շուկան, քան անգամ ոլորտային նախարարության քաղաքականությունը։

«Կրթության համակարգը պատվիրակել ենք շուկային, ասել ենք՝ շուկա, դու որոշիր, թե մեզ ինչ մասնագետ է պետք։ Բայց հաշվի չենք առել, որ  կրթության մեջ շատ վտանգավոր է բոլոր հարցերը հանձնել շուկայական տրամաբանությանը, որովհետև այդ պարագայում  կարող ես  ունենալ  ֆունկցիաներ, որոնց իրագործման համար մասնագետ չես ունենա»,- ասում է Խաչատրյանը՝ որպես օրինակ նշելով, որ մանկավարժական մի շարք մասնագիտությունների գծով անգամ պետպատվերով տեղերն են թափուր մնում։

Հայտնի է, որ  տարիներ շարունակ պետական մակարդակով մեծ ուշադրություն է հատկացվում բարձրագույն կրթության բարեփոխումներին։ Հանրակրթության պարագայում ուշադրության կենտրոնում ավագ դպրոցն է։ Հարց է առաջանում՝ արդյոք այդ բարեփոխումները կարող են հաջողությամբ պսակվել, եթե տարրական դպրոցում խնդիր է անգամ  վարժ ընթերցանությունը։ Պարոն Խաչատրյանի կարծիքով՝ բարեփոխումները հիմքից չեն իրականացվում, քանի որ դա երկարատև գործընթաց է։

«Եթե սկսենք նախադպրոցական համակարգից, դրա արդյունքները կտեսնեք 15-20 տարի հետո։ Պարզ է, որ այդքան ժամանակ հետո լինելու է բոլորովին այլ իշխանություն։ Դրա համար շատերը նախընտրում են բուհերը և  ավագ դպրոցը, որովհետև  այդտեղ արդյունքն ավելի շուտ տեսանելի կլինի։ Բայց եթե հիմք չկա, արդյունքն էլ ձևական է»,- ասում է Խաչատրյանը։

Անդրադառնալով հարցին, թե  ինչպե՞ս է ստացվել, որ Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանից լավ ցուցանիշներ են արձանագրել, միթե նրանց կրթական համակարգը զգալիորեն լավն է, քան հայաստանյանը, Խաչատրյանն ասում է «Այդ ցուցանիշները  հարաբերական են, կան ստուգատեսներ, որտեղ մենք ենք առաջ։ Որքան էլ այդ ստուգատեսները կարևոր են, որ հասկանանք, թե ուր ենք, ինչ է կատարվում մեր կրթական համակարգում,  դրանք պետք չէ բացարձակացնել» ։

կրթության որակ կրթություն դպրոց Սերոբ Խաչատրյան Համաշխարհային բանկ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին